Վարշավայում պղծել են խորհրդային զինվորների գերեզմանատունը
Վարշավայում պղծվել է խորհրդային զինվորների գերեզմանատուն-դամբարանը: Ռիա նովոստին, հղում անելով «Վիբրոչա» թերթին, գրում է, որ վիրավորական գրություններ են հայտնվել Ժվիրիր և Վիգուրի փողոցների վրա գտնվող Խորհրդային զինվորների գերեզմանատուն-դամբարանի հուշարձաններին:
«Հնարավոր է, դա տեղի է ունեցել այս գիշեր: Մենք պարզում ենք, թե ով կարող էր դա անել»,- հայտնել են ոստիկանությունից:
Սա այդ գերեզմանատանը պղծման առաջին դեպքը չէ: Վերջերս այդ տարածքում հայտնվել էին վիրավորական գրություններ և սվաստիկա: Վարշավայում ռազմական հուշահամալիր գերեզմանատունը պղծվել էր նաև մարտին:
Հուշահամալիր գերեզմանատանը հուղարկավորված է 21 հազար 468 զինվոր Կարմիր բանակի բելառուսական առաջին ռազմաճակատից, ովքեր զոհվել են 1944-45 թթ. Վարշավայի ազատագրման ժամանակ: Հուշահամալիրը զբաղեցնում է 19,2 հեկտար տաածք, բացվել է 1950 թվականին: