Մեկնարկել է «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարը
Շախմատի ակադեմիայում մեկնարկել է Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Հանդիսավոր բացոընտ տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմանը, բացմանը ներկա Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը նշել է, որ
շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում ու, հատկապես մայրաքաղաք Երևանում, ստեղծված են բոլոր նախապայմանները՝ շախմատային աշխարհի նոր անունների բացահայտման և կայացման համար:
«Հատկապես վերջին տարիներին Երևանում ավելի հաճախ են կազմակերպվում միջազգային փառատոներ և մրցույթներ, ստուգատես օլիմպիադաներ ու առաջնություններ, որոնց կազմակերպումն ու իրականացումն, անշուշտ, և՛ հաճելի է, և՛ պատվաբեր: Իսկ դրանց շարքում, իհարկե, իրենց ուրույն տեղն ունեն շախմատի սպասված միջազգային մրցաշարերն ու առաջնությունները»,-ասել է նա:
Մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
«Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով: