Գերմանիայի դեսպանը 2 օրվա մեջ 2 անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը սեպտեմբերի 18-ին կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն (ԱԳՆ): Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
«Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը, հղում անելով գերմանական «Der Spiegel»-ին, գրում է, որ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու պատճառը դեռևս 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է:
Աղբյուրը գրում է, որ բանաձևի ընդունումը դեռևս շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ թուրք-գերմանական հարաբերություններում՝ չնայած Գերմանիայի կառավարությանը այն հայտարարությանը, որ բանաձևը որևէ իրավական հետևանք չի կարող ունենալ Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ Էրդմանը սեպտեմբերի 17-ին նույնպես կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ: Այս անգամ պատճառը Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացված «Քրդական մշակույթի միջազգային ֆեստիվալի» ընթացքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և դրա բանտարկված հիմնադիր Աբդուլլահ Օջալանի օգտին հնչեցված կարգախոսներն էին:
Նշվում է, որ 2016 թվականից սկսած Գերմանիայի դեսպանն արդեն 17-րդ անգամ է կանչվում Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան