Ամերիկացի համանախագահ. ԼՂ կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա
Aysor.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար:
«Որպես Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ ես կշարունակեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ներկայացնել Միացյալ Նահանգները: Սպասում եմ իմ գործընկեր համանախագահներ դեսպան Պոպովի (Ռուսաստան) և դեսպան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի հետ աշխատանքին: Հատկապես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմհանդիպումներին: Հուսով ենք, որ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար», - Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց Է. Շեֆերը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով նախօրեին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին:
Ամերիկացի համանախագահի խոսքով, Միացյալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել:
«Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Սակայն անշուշտ, խաղաղության պատասխանատվությունն ի վերջո իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է. Շեֆերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան