Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հավատում է, որ կարելի է ապրել միասնաբար, խաղաղության մթնոլորտում: Այդ կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և գիտի, որ առանց այդ խնդրին առերեսվելու Թուրքիան չի կարող լուծել ոչ քրդական հարցը, ոչ էլ կարող է դառնալ ժողովրդավար երկիր: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«Քրդերը սկսեցին հավասարություն պահանջել, հայերն էլ սկսեցին խոսել Ցեղասպանության մասին: 2009 -ին՝ 1920 թվականից ի վեր առաջին անգամ, Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմի հրապարակում հիշեցինք Հայոց ցեղասպանության զոհերին: Բոլորը սկսեցին գիտակցել, որ Մեծ Եղեռն է տեղի ունեցել: Այժմ դժբախտաբար թուրքական խորհրդարանում Ցեղասպանություն բառի գործածումը կարող է հանցանք դիտվել»,- ասաց նա:
Կարո Փայլանի խոսքով, Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիան այսօր «մութ ձմռան» ժամանակշրջան է ապրում, ճիշտ այնպես, ինչպես հարյուր տարի առաջ: Պատգամավորի համոզմամբ, Արևմուտքը, ինչպես աչքերը փակել էր Հայոց ցեղասպանության տարիներին, այդպես էլ այժմ փակել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վրա:
Կարո Փայլանը նկատեց նաև, որ ժողովրդավարության պայքարը դժվար պայքար է, և վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում:
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա և նշեց, որ իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը և չորս սերունդ պայքարել է, որ հարցն արդար լուծում ստանա:
«Թուրքիան մութ շրջանում է նորից, և այդ մտայնությունը շատ լավ գիտենք, որ ոճիր կգործի: Հարյուր տարի առաջ մեծ ոճիր եղավ, և յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- այսպես եզրափակեց իր ելույթը Կարո Փայլանը:
Փայլանի ելույթից հետո դահլիճը հոտընկայս ծափահարեց:
Հատկանշական է, որ ինչպես երեկ, այսօր ևս Փայլանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով միայն, որ բոլոր հարցերին կպատասխանի ուրբաթ օրը կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքահայ գործիչը այդուհանդերձ ուրախություն հայտնեց, որ այս այցի ընթացքում կարողացել է Հայաստանին ավելի մոտիկից ծանոթանալ, հայրենիքում շատ բան է տեսել:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն ու Փայլանն առանձնազրույց են ունեցել
- Կարո Փայլանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը
- Ուրախ եմ՝ Հայաստանում գտնվելու. Կարո Փայլան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան