Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորի կյանքի որակը փոխվի, իհարկե՝ ոչ. Կարեն Կարապետյան
«Միգրացիոն պրոեսներ բոլոր երկրներում կան, և այնպիսի իրավիճակ չի լինում, որ, անկախ նրանից, թե կյանքը որակապես ինչքան լավանա, միգրացիոն պրոցեսները կկանգնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում Արամ Ա Կաթողիկոսի ելույթին, թե արտագաղթի տեմպերն ավելանում են:
Դրա համար, ըստ վարչապետի, պետք է այնպես անել, որ Հայաստանը դառնա ապահով, զարգացող երկիր:
Հարցին՝ որքանով է դա հաջողվում անել ՀՀ կառավարությանը, վարչապետը պատասխանեց. «Դուք, օրինակ, հաջողությունը ի՞նչ եք ակնկալում»:
«Որ մեր մաշկի վրա զգանք ձեր արած բարեփոխումներ արդյունքներն ու չարտագաղթեն»,- արձագանքեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց. «Ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշի մաշկը՝ մեկ ուրիշ: Ո՞նց ենք տարբերելու: Այդ պատճառով հարգելի լրագրողներ, հատկապես տնտեսական ոլորտի, ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշերի համակարգ, որով գնահատվում է կառավարության աշխատանքը: Այս մեկ ամիսը մենք սկսել ենք հաշվետվություն ներկայացնել: Ընթացիկ մեր ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում, տարածաշրջանում, ԱՊՀ-ում: Բավարա՞ր է դա , որպեսզի մեր քաղաքացիների բոլոր խնդիրները լուծենք, իհարկե՝ ոչ»:
Վարչապետն անդրադառնալով մեկ տարվա ընթացքում Կառավարության իրականացրած աշխատանքներին՝ նշեց, որ դրա վերաբերյալ հստակ հաշվետվություն են ներկայացրել:
«Գրանցել ենք 6,2% տնտեսական աճ, 12,7 տոկոս՝ արդյունաբերության աճ, 21 տոկոս կազմել է արտահանումը, 28,5 տոկոս՝ ներմուծումը: Բավարա՞ր է դա, որ մենք բոլորս լավ զգանք մեզ, իհարկե՝ ոչ: Ավելին, որևէ երկիր չկա, որ բոլորը բավարարված են, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքի որակը փոխելով նաև իր պահանջներն էլ են մեծանում: Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներն ուզում են որակապես իրենց կյանքը փոխվի: Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորի կյանքի որակը փոխվի, իհարկե՝ ոչ: Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում