Պետք է մեջքներս ուղղենք և շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու երկիրը, որի մասին բոլորս երազում ենք. վարչապետ
«Այսօր մենք ունենք ավելի քան 7 միլիոնանոց սփյուռք: Շատ-շատերը, անկախությունից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մոտեցումը»,-այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի՝ փաստ է նաև, որ ոմանց մոտ եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ հիասթափություններ. «Ի՞նչ անենք, նեղանա՞նք իրարից, ֆիքսվե՞նք դրա վրա: Ես համոզված եմ, որ մենք իրավունք չունենք հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքներս ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկս մյուսի նկատմամբ: Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել: Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար»:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ այսօր մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»։
«Այս ճանապարհին պետք է լինենք ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվենք բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատենք թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը: Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք: Մեր զարգացման և բարեփոխումների գործընթացի մեջ ուղիղ և անմիջական դերակատարում կարող է ունենալ յուրաքանչյուրս, անկախ քաղաքացիությունից, կացությունից, մասնագիտությունից և անկախ նրանից, թե քանի օր է անցկացնում Հայաստանում, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ցանկություն ունեն մասնակից լինելու հայրենիքի ապագայի կառուցմանը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ կառավարության պաշտոնական էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին