ՓՊ խորհուրդը որոշել է ՄԻՊ-ի միջոցով բարձրացնել քրեադատավարական որոշ նորմերի սահմանադրականության հարցը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 19.09.2017թ. որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի (երրորդ նախադասության) սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմից հիշեցնում են, որ հիշատակված քրեադատավարական նորմերը վերաբերում են մեղադրյալի կամքին հակառակ հանրային պաշտպան նշանակելու դեպքերին, որոնք են՝
- կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը' համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.
- կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.
- կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.
- հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.
- քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.
- կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է.
- դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում.
- դատարանը կիրառում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան (դահլիճից հեռացնելը)։
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտել է, որ՝
Հակադրվում են մի կողմից մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքը, մյուս կողմից՝ դատարանի՝ արդյունավետ իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու (որպես արդար դատական քննության ընդհանուր իրավունքի բաղկացուցիչ մաս) պարտականությունը, որի շրջանակներում դատարանը երբեմն կարող է կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը։ Իր հերթին, այս երկուսը հակադրվում են պաշտպանությունը ստանձնելիս մեղադրյալի համաձայնությունը հստակորեն ստանալու դատավարական երաշխիքին։
Քրեական դատավարության օրենսգիրքը բավարար հստակությամբ չի սահմանում պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը և դրա փոխհարաբերությունը մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով կամ անձամբ պաշտպանվելու ինստիտուտների հետ, որոնք կարգավորվում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի գ-կետով։ Մասնավորապես, դատավարական օրենսգիրքը որոշակիորեն և հստակորեն չի կարգավորում, թե ո՞ր դեպքում է պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու պետության՝ ի դեմս դատարանի պարտականությունը գերակայում մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով անձամբ պաշտպանվելու հիմնարար իրավունքին։ Հստակության բացակայությունը իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է խառնաշփոթի, որը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից և քննարկվում հանրային լայն շրջանակներում, որի արդյունքում հաճախ ներկայացվում է թյուր կարծիք, թե մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը բացարձակ իրավունք է։
Օրենքի իրավակարգավորումները, որոնք վերաբերում են պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելուն, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը փաստաբանի կողմից պաշտպանի իրավավիճակ ձեռք բերելու միակ պայման է դիտարկում կասկածյալի կամ մեղադրյալի համաձայնությունը: Ընդ որում, համաձայնությունը պետք է ստացվի հստակորեն, աներկբայորեն և դատավարական երաշխիքների ուղեկցությամբ։ Սա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն է բոլոր այն գործերով, որոնցում իրավունքի մասին հարցը վերաբերում է մեղադրյալի՝ անձամբ կամ իր ընտրած փաստաբանի կամ անվճար իրավաբանական օգնության եղանակով պաշտպանվելու երեք հիմնարար իրավունքների ապահովմանը։ Մինչդեռ, երբ դատարանը Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով առանց ամբաստանյալի համաձայնության հանրային պաշտպանին ներգրավվում է որպես ամբաստանյալի պաշտպան, այդպիսով կիրառելով պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը, դրանով ստեղծվում է հակասություն 68-րդ հոդվածի 2-րդ մասի հետ։ Ստացվում է, որ որպես ընդհանուր պայման պաշտպանը իր լիազորությունները ստանձնում է մեղադրյալի համաձայնությամբ, մինչդեռ մեղադրյալի նկատմամբ սանկցիայի կիրառման դեպքում այդ համաձայնության ստացումը էական չէ, քանի որ գործում է վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցության կանոնը՝ անկախ մեղադրյալի համաձայնության առկայությունից։ Հասկանալի է, որ այս իրավիճակը երկու տարբեր ինստիտուտների բախում է, որի փոխհարաբերակցումը օրենսգիրքը պետք է հստակորեն կարգավորի՝ խուսափելու համար իրավական անորոշությունից։
Մինչդեռ դատավարական օրենսգիրքը չի սահմանում, թե ո՞ր գերակա շահի կամ իրավունքի առկայության դեպքում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը ստորադասել պարտադիր իրավաբանական ներկայացուցչություն ապահովելու դատարանի պարտականությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ դա արդարադատության գերակա շահն է, ըստ որի թեև, որպես ընդհանուր կանոն, մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը պետք է հարգել, սակայն ընտրություն կատարելու այդ իրավունքը դատարանի կողմից կարող է անտեսվել կամ ստորադասվել, եթե դրա համար առկա են վերաբերելի և բավարար հիմքեր՝ պայմանավորված արդարադատության գերակա շահով (Մեֆտահն ու այլոք ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), թիվ 32911/96 35237/97 34595/97, կետ 45):
Հետևաբար, քրեադատավարական օրենսգիրքը պետք է հստակորեն սահմանի «արդարադատության գերակա շահ» սկզբունքը, ինչպես նաև չափանիշներ ու գուցե նաև չափորոշիչներ, որոնց օգնությամբ դատավորը հնարավորություն կունենա որոշել, թե արդյոք առկա են վերը նշված «վերաբերելի» ու «բավարար» հիմքերը, որպեսզի հաստատված համարվի արդարադատության գերակա շահի առկայությունը:
Քանի դեռ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնարար իրավունքից շեղվելու, նահանջելու նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը, կշարունակվի պահպանել իրավական անորոշություն քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության հարցում, երկու մրցակցող ինստիտուտների՝ պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտի և իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու հիմնական իրավունքի միջև։
Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 72-րդ հոդվածի 2-րդ մասը (երրորդ նախադասությունը) հակասում են ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ այնքանով, որքանով հստակորեն չեն սահմանում այն նյութաիրավական և ընթացակարգային հիմքերը և պայմանները, որոնց առկայության պարագայում է հնարավոր մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը անտեսել և կիրառել պարտադիր իրավաբանական ներկայացուցչության ինստիտուտը:
Բեռնել՝ իրավական նորմերի վերաբերյալ տեղեկանքը:
Հարակից հրապարակումներ`
- «Ժ. Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստի դահլիճում Գասպարին բողոքի ակցիա իրականացրեց
- Հանրային պաշտպանները հանդես են եկել Մարինե Թովմասյանի վերաբերյալ հայտարարությամբ
- Զոհրաբյան. Փաստաբանները լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու
- «Ես հրաժարվում եմ ձեր մատուցած պաշտպաններից». Սեֆիլյան
- Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը