Սերժ Սարգսյանը և Անջեյ Դուդան կարևորել են քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նշելով, որ ընթացիկ տարին խորհրդանշական է Հայաստանի և Լեհաստանի համար՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ մեկտեղ երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը, նախագահներ Սարգսյանը և Դուդան գոհունակությամբ են փաստել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգով զարգացող միջպետական հարաբերությունները: Օգտվելով առիթից` Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին այդ առիթով հայ համայնքին ուղղված ջերմ խոսքերի համար և բարձր գնահատել լեհ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ:
Նախագահ Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ, որը հայ ժողովուրդը նշելու է երկու օրից:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում հայ-լեհական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքին` այդ համատեքստում կարևորելով բարձրաստիճան հաճախակի շփումները պահպանումն ու քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը։
Նախագահ Դուդան շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ դառնալու հարցում Լեհաստանին Հայաստանի աջակցության համար: Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ շնորհավորել է Լեհաստանին և հույս հայտնել, որ ձևավորված փոխաջակցման և փոխըմբռնման ավանդույթներն այսուհետ ևս կշարունակվեն:
Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ ձևաչափով համագործակցությունն առաջիկայում ավելի ծանրակշիռ կդառնա:
Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս նշել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Սերժ Սարգսյանը կարևորել է այս հարցում հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Նախագահ Դուդան ընդգծել է,որ Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և Լեհաստանը վստահ է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
- Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան