Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.5%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.5%-ով։
Միաժամանակ, օգոստոս ամսվա ՏԱՑ-ը հուլիսի նկատմամբ կազմել է 18.7%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 2.4%:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 12.4%-ով, 2016թ-ի օգոստոսի համեմատ՝ 10.9%-ով, իսկ հուլիսի համեմատ նվազել է 0.9%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 6.6 տոկոսով: 2016թ. հունվար-օգոստոսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն էլ (առանց առևտրի) աճել է 12.4 տոկոսով:
Առևտրաշրջանառության ծավալները ևս այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.3%-ով: Սպառողական գները ևս, ըստ վիճակագրության, նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.4%-ով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 25 տոկոսով:
2017թ-ի հունվար-օգոստոսին 8%-ով նվազել է նաև շինարարության ծավալը:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ այն աճել է 24.4 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 21.7 %-ով, իսկ ներմուծումը՝ 26%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.5 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 3.8%. պետական համակարգում միջին աշխատավարձը մեկ տարում աճել է 1.6%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 5%-ով: