Որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության գաղափարին. ԱԺ նախագահ
Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նիստում ունեցած ելույթում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Ի դեմս ազատ Արցախի Հանրապետության՝ ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում մենք ունենք շատ բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքները ու սատարում նրանց»,- նշեց նա՝ հավելելով, որ այս պահին ուղղաթիռը մեկնում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տեղափոխելով այնտեղ:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ Արցախը նաև համահայկական երազանքի մարմնավորումն է:
«Բոլորդ էլ վստահ եք հայկական զինուժի հուսալիության, մարտական բարձր պատրաստակամության, մեր զինվորի ու սպայի ոգու վրա: Բանակը օր օրի ուժեղանում է նաև ձեր աջակցության շնորհիվ»,- ասաց Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահի խոսքով, որևէ բանակցություն, քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության և անվտանգության, խաղաղության գաղափարին:
«Սա մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունների միավորման ելակետն է, այդ մասին երեկ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից աշխարհի ողջ հայության անունից հստակ
բարձրաձայնեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը», - նշեց ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանի ելույթն ամբողջությամբ՝ ԱԺ պաշտոնական էջում: