Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի առաջիկա համերգը նվիրված է լինելու Հայաստանի Անկախության տոնին: Համերգը կայանալու է սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երեկոյի ընթացքում կայանալու է Շարաֆյանի «Թավջութակի կոնցերտ թիվ 2» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան: Այն նվիրված է է աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից Սուրեն Բագրատունուն:
Համերգին հնչելու է նաև Պուլենկի Ֆլեյտայի սոնատը /նվագախմբային փոխադրումը ՝Լենըքս Բերքլիի/, Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 4-ը:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին (Իտալիա): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Այն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը: