Կարեն Բեքարյան. Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը ՀՀ նախագահի կողմից սահմանվեցին որպես անկյունաքար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի շեշտադրումների, ուղերձի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հանրապետական խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի հետ:
Հարց- Պարո′ն Բեքարյան, ՀՀ նախագահը ՄԱԿ ԳԱ իր ելույթում բավականին լայն անդրադարձ կատարեց Ղարաբաղյան հիմնախնդրին ու կարգավորման գործընթացին: Որո՞նք էին հիմնական շեշտադրումները և ուղերձը:
Պատասխան- Իհարկե, նախագահի անդրադարձը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Ղարաբաղյան խնդրին ընդհանրապես, բավականին հետաքրքիր էր: Նա իր խոսքում նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է այդ բարձր ամբիոնից խոսելու այս թեմայի մասին, և այս անգամ շատ մեծ հաճույքով դա չէր անի, այլ կխոսեր խաղաղության, կայունության, առաջընթացի մասին, սակայն ստիպված է կրկին անդրադառնալ նույն թեմային: Այն, որ նախագահը ստիպված է անդրադառնալ հարցին, ցույց է տալիս, որ խնդիրն արդիական է մնում՝ հաշվի առնելով առկա զարգացումները:
Առանձնացնենք ելույթի հիմնական շեշտադրումները: Առաջին, նորից անդրադարձ եղավ հակամարտության սկզբնավորման փուլին: Նշվեց, որ ինքնորոշման իրավունքին (որպես մարդու իրավունքների հավաքական դրսևորում) առնչվող խնդիրն Ադրբեջանի կողմից վերածվել է բիրտ ուժի կիրառման, ռազմական գործողությունների, լայնամասշտաբ պատերազմի և որ չի եղել այլ ելք, քան դիմել ինքնապաշտպանության՝ ֆիզիկական գոյությունը չվտանգելու համար:
Երկրորդ, նա շեշտեց, որ Ադրբեջանի ձեռագիրը դեռևս չի փոխվել՝ օրինակ բերելով 2016թ-ի ապրիլյան իրադարձությունները: Այս համատեքստում անդրադարձ եղավ մի շատ կարևոր հանգամանքի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացված վայրագություններին և Ադրբեջանի նախագահի մակարդակով այդ վայրագություններն իրականացնողների պարգևատրմանը՝ պետական ամենաբարձր պարգևներով:
Նախագահի կողմից այս փաստի արձանագրումն այդ բարձր ամբիոնում ուղղակիորեն ցույց է տալիս ողջ աշխարհին ադրբեջանական պետության բնույթը, որպես մի երկիր, որը բոլոր հնարավոր ձևերով խրախուսում է ահաբեկչական այդ ձեռագիրը, խրախուսում է այդ վայրագությունները և, բնականաբար, դրանով պատասխանատվություն է կրում բոլոր, այդ թում՝ ռազմական հանցագործությունների համար: Սա ելույթում բավական կարևոր և էական էլեմենտ էր:
Մյուս շատ կարևոր էլեմենտը, որ կցանկանայի առանձնացնել, այն հատվածն է, երբ խոսվում է կարգավորման գործընթացի մասին, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքը, այն, որ Արցախի կարգավիճակը ոչնչով չի կարող զիջել այսօրվա վիճակին, սահմանվում է որպես անկյունաքար: Որպես երկրորդ անկյունաքար դրվում է անվտանգության խնդիրը, և ցանկացած այլ կարգավորման բաղադրիչ դիտարկվում է ածանցյալ: Այսինքն, քանի դեռ այդ երկու ամենաէական հարցերը՝ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, անվտանգության հարցերը, լուծված չեն, որևէ այլ համատեքստում խոսել կարգավորման մասին ուղղակի դառնում է անիմաստ ժամանակի վատնում: Այսպիսով, խնդիրը շատ հստակ է սահմանվում՝ այս դեպքում որպես Հայաստանի դիրքորոշում:
Բայց մենք ականատես ենք լինում ևս մի շատ կարևոր էլեմենտի, որը, կարծում եմ, տարիներ, տասնամյակներ հետո կհիշվի: Երբ ժամանակին տեղի ունեցավ Հանրապետության նախագահի համահայկական այցը, մենք խոսում էինք նոր մշակույթի ձևավորման մասին, որը հնարավորություն էր տալիս մեր կյանքին, մեր ազգային խնդիրներին վերաբերող ամենակարևոր հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնել ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Արցախի Հանրապետության հետ՝ թե′ պետական մարմինների, թե′ հանրության մակարդակով, այլ նաև Սփյուռքի հետ: Եվ ասում էինք, որ սրանով քաղաքական մշակույթի հիմք դրվեց: Այժմ էլ ականատեսն ենք քաղաքական այս մշակույթի դրսևորման մեկ այլ ձևի, ինչ-որ իմաստով նաև մեկնարկային: ՄԱԿ ԳԱ բարձր ամբիոնից ասվում է, որ նախագահը եկել է Հայաստան-սփյուռք համաժողովից, և փաստորեն նա հնչեցնում է Ղարաբաղյան հիմնահարցին առնչվող մոտեցումը, որպես համայն հայության մոտեցում, որպես համահայկական օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը: Սա, նորից եմ ասում, մեկնարկային էլեմենտ է, և քաղաքական մշակույթի տեսակետից ականատես ենք լինում դրա զարգացմանը: Եվ այս մեկնարկը շատ երկար ժամանակ հիշելու ենք:
Հարց- Նախագահն իր ելույթում անդրադարձ կատարեց նաև Թուրքիայի հետ առնչություններին, հայ-թուրքական արձանագրություններին: Ի՞նչ հիմնական շեշտադրումներ կառանձնացնեք:
Պատասխան- ՀՀ կողմից նախաձեռնած հայ-թուրքական գործընթացի բոլոր փուլերը՝ որպես մեկնարկ ունենալով «ֆուտբոլային դիվանագիտությունը», յուրաքանչյուրը յուրովի աշխարհի համար բացահայտեցին Թուրքիայի իրական դեմքը: Նախկինում, չունենալով գործընթաց սկսելու քաղաքական կամք, Թուրքիան աշխարհով մեկ բացահայտ կեղծիք էր տարածում, որ հարաբերությունների բացակայության մեղավորը Հայաստանն է, որովհետև կա, այսպես կոչված, “բարդույթավորում”: Այս փուլերը հերթով աշխարհին ցույց տվեցին Թուրքիայի իրական բնույթը, որը մեզ համար տեսանելի և հասկանալի էր, բայց աշխարհը, դրա հետ առնչություն չունենալով, չէր ընկալում կամ պատկերացնում:
Բայց զուգահեռաբար կա նաև երկրորդ խնդիրը: Գործընթացն իմիտացիոն դաշտ բերելով, ընդամենը իմիտացիայի խնդիր լուծելով՝ Թուրքիան փորձում էր, առ այսօր էլ փորձում է, դրանից ինչ-որ դիվիդենտներ քաղել: Եվ, հետևաբար, ստացվում էր, որ եթե գործընթացը չծառայեց կամ չի ծառայում իրական նպատակին, այսինքն՝ թեկուզ աստիճանաբար հարաբերությունները բնականոն փուլ բերելուն, այն ուղղակիորեն անիմաստ էր դառնում, և այդպես կախված, ոչինչ չտվող վիճակում, ինչ-որ պահից սկսած որևէ կերպ չէր կարող համապատասխանել մեր շահերին:
Բայց կար նաև երկրորդ խնդիրը, և սա նույնպես քաղաքական մշակույթի շատ կարևոր էլեմենտ եմ համարում: Հայաստանի Հանրապետությունը փորձել է միշտ միջազգային գործընկերների համար լինել կանխատեսելի, ընկալելի և հասկանալի: Այսինքն, չեն արվել այնպիսի գործողություններ, որոնք կարող էին չընկալվել, կարող էին դիտվել շատ ռադիկալ և այլ: Օրինակ, երբ խոսքը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն, նախագահը նախապես միջազգային գործընկերներին, համաշխարհային հանրությանն իրազեկեց, որ եթե ողջամիտ ժամկետ ասվածը չի աշխատում, Հայաստանը դիմելու է այդ քայլին: Այսինքն, սա մի կողմից այդ քաղաքական մշակույթն էր՝ լինել կանխատեսելի և հասկանալի, մյուս կողմից՝ ուղերձ էր միջազգային գործընկերներին, որոնք գործընթացի հետ ունեն ուղղակի կամ անուղղակի առնչություն, որ եթե ունեք իրականացնելու գործողություններ, դեռ համարում եք, որ այդտեղ քայլեր ունեք անելու, դրա համար ամեն դեպքում ինչ-որ ժամանակ կա: Եվ հիմա մենք ականատես ենք սրա երկրորդ էլեմենտին, երբ որ շատ հստակ ժամկետ սահմանվեց՝ 2018թ.-ի գարուն, որ մինչ այդ, եթե որևէ գործողություն չի կատարվում ըստ ժամանակին եղած պայմանավորվածությունների՝ վավերացման գործընթաց, Թուրքիայի նախատեսված քայլեր, ապա Հայաստանն այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, և մենք 2018թ.-ի գարնանն արդեն իսկ այդ արձանագրությունները չենք ունենալու:
Հետևաբար, ապահովելով քաղաքական մշակույթի տարրերը՝ ընկալելիության, հասկանալի լինելու, միևնույն ժամանակ, խնդիր դրվեց դադարեցնել այն գործընթացը, որը մեր շահերի տեսանկյունից ոչինչ չի տալու, իսկ դիմացինին հնարավորություն է տվել իմիտացիայի հաշվին դիվիդենտներ քաղել: Վստահ եմ, որ միջազգային հանրության համար լիովին ընկալելի է լինելու, որ եթե գործընթացն ամբողջովին չեղարկվի, դա լիովին Թուրքիայի անհետևողականության, քաղաքական կամքի չցուցաբերման, իմիտացիայի արդյունք է լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
- Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
- Սերժ Սարգսյանը շատ ճիշտ արեց. Արա Բաբլոյան
- Նախագահը կարող էր և ասել, որ արդեն հետ ենք վերցնում մեր ստորագրությունները. Մանոյան
- Շ. Քոչարյան. Ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին, երբ Թուրքիան շեղվեց Եվրոպա գնալու համար որդեգրած ուղուց
- Քաղաքագետ. Նախագահի ելույթը համարում եմ ՀՀ ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են