Տավուշի մարզպետը վարչապետին է ներկայացրել Հաղարծինի բնակիչների մտահոգությունները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին և խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի և օրինական), անտառպահպանության և անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ և խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման և պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին:
Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային և գործառութային բարեփոխումներին, որոնք կնպաստեն այդ կառույցի աշխատանքի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով առաջարկվող փոփոխությունները՝ վարչապետը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը
- Վարչապետ. Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին