Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար և այցի շրջանակներում կայացած արդյունավետ երկխոսությունը:
Նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անդամակցությունից ի վեր մեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում: Անցած 25 տարիների ընթացքում, ըստ Նախագահի, Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը Հայաստանին, որը խթանել և ամրապնդել է Հայաստանի զարգացման ներուժը։ Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ Անտոնիո Գուտերեշի ղեկավարությամբ այն առավել կամրապնդվի և կզարգանա:
Նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում և կայուն զարգացման նպատակները հաստատակամորեն կյանքի կոչելու հանձնառությամբ:
Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ընթանում է Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման գործընթացը: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահը գոհունակություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցության կապակցությամբ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (ամբողջական)
- Սերժ Սարգսյանը և Անջեյ Դուդան կարևորել են քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը
- Նախագահը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
- Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին