Քաղաքագետ. Նախագահի ելույթը համարում եմ ՀՀ ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր
Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ռազմադիվանագիտական կողմին:
Սուրեն Սարգսյանն ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթում չափազանց կարևոր նորություն կար։
«Այն վերաբերվում էր մի թեզի, որի մասին մշտապես խորհել և խոսել եմ։ Դա խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցության ակտիվացման հարցն է։ Դա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձր պահելու անհրաժեշտ նախապայման եմ համարում։ Չմոռանանք, որ խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցությունը ռազմական համագործակցության հիմնական շրջանակներից մեկն է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի հետ։ Այս առումով խնդիրը նաև արտաքին քաղաքական դիվիդենտ ունի»,-մանրամասնում է միջազգային իրավունքի մասնագետը:
Նա չափազանց կարևորում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է ավելացնել UNIFIL և MINUSMA առաքելություններում իր մասնակցությունը:
«Միաժամանակ, Հայաստանի մասնակցությունը Սիրիայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը (հավանաբար UNMIS), Հայաստանի համար ունենալու է աշխարհաքաղաքական լուրջ նշանակություն։ Դա ազդեցիկ է դարձնելու Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում, իսկ սիրիահայ համայնքի համար էլ ապահովության յուրահատուկ երաշխիք և հոգեբանական աջակցություն է լինելու։
Հետևաբար, Սարգսյանի ելույթը համարում եմ Հայաստանի ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր։ Կարծում եմ սա պաշտպանության նախկին և ներկա նախարարներ՝ Սարգսյանների համատեղ գաղափարն է։ Սա լավ հաշվարկած ռազմադիվանագիտական դասական քայլ է, երբ ռիսկերը քիչ են, դիվիդենտները՝ շատ»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (ամբողջական)
- Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
- ՄԱԿ-ում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցն են քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան