Հայաստանը ուժ է առնում Սփյուռքից, Սփյուռքը՝ Հայաստանից. Հրանուշ Հակոբյանը ամփոփում է Հայաստան-Սփյուռք համաժողովը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովից հետո շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որոնք այս օրերին լուսաբանել են համաժողովի աշխատանքները:
«Կարծում եմ՝ 250 լրագրող հավատարմագրել և այսքան ծանրաբեռնված աշխատելը դա մեծ արդյունքն է մեր ժողովրդավարության: Իսկ այն խոսքը, թե ընդդիմություն կա, թե չկա, դուք մեծ հաշվով ընդդիմություն եք և այստեղ եք»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով համաժողովին՝ նախարարը նշեց, որ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն իր մեծությամբ, կազմակերպվածությամբ, բոլոր առումներով շատ ավելին էր, քան նախորդ համաժողովները. «Ուզում եմ բոլոր կազմակերպիչներին հայտնել շնորհակալություն»:
Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ Համահայկական խորհրդի քննարկման աշխատանքը շատ հետաքրքիր էր և գործընթացը սկսված է:
«Երկրորդ գլխավոր խնդիրը, որ ամբողջ համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր արտահայտություններ, թե ինչպես անել, որպեսզի կարողանան օգնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպիսի քայլեր ձեռնարկեն, որպեսզի Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման հարցերը կարողանանք առաջ տանել ու լուծումներ գտնել: Կարևոր էր հայապահպանության խնդիրը, որը բոլորիս մտահոգությունն է, քանի որ Սփյուռքը ուծացվում է, խառնամուսնությունները շատանում են, կան լեզվի խնդիրներ, հայերեն իմացողների թիվը նվազում է, հայկական դպրոցները փակվում են: Պետք է հասկանանք ինչպիսի ձևեր, մեթոդներ գտնենք, էլեկտրոնային դպրոցներ ստեղծենք, որով կարողանանք երիտասարդությանը գրավիչ դարձնել և նրանք փորձեն հայերեն սովորել»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը հայտնեց, որ համաժողովի կարևոր ուղղություններից էր նաև «Ազգ-բանակը», որի շրջանակներում քննարկվել են ռազմատեխնիկայի հզորացման, Արցախի պաշտպանության, Հայաստանի հզորացման վերաբերյալ հարցեր:
Հայտարարությունում, ըստ սփյուռքի նախարարի, որն ընդունված է, նշված են այն հիմնական հարցադրումները, որոնք բարձրացվել են ինչպես հայրենիք-սփյուռք գործակցության, այնպես էլ այս համաժողովի ընթացքում:
«Կարևոր է նաև այն, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան լսել երկրի առաջին դեմքերին՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նրանց հարցեր տալ, շփվել և իրենց հարցադրումներին պատասխաններ ունենալ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով սփյուռքահայերի դժգոհությանը, թե նախորդ համաժողովներին էլ են հարցեր են բարձրացրել, բայց դրանք գործ չեն դարձել, Սփյուռքի նախարարն ասաց, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովից անցել է երեք տարի ու այդ երեք տարիների ընթացքում սփյուռքահայերը ինչ հարցեր բարձրացրել են, դրանց ուղղությամբ գործեր են կատարվել:
Նրա խոսքերով՝ այսպիսի խոշոր համաժողովները ամփոփում են եղածը և գաղափարներ են առաջադրում, իսկ գործնական քայլերը հետագայում են արվում:
«Մինչ օրս 104 մասնագիտական համաժողով ենք անցկացրել: Դա նշանակում է, որ մասնագետներին հրավիրում ենք, նեղ համաժողովներ ենք անում և ծրագրեր ենք մշակում: Իսկ այստեղ ծանոթանում են, քաղաքական հնչեղությունն այն է, որ աշխարհը տեսնում է հայերի միասնությունը, այստեղ ազգային և բարոյական խնդիր ենք լուծում, այստեղ մենք ուզում ենք երիտասարդությանը ցույց տալ Հայաստանի և հայկական սփյուռքի համախմբումը: Հայաստանը ուժ է առնում Սփյուռքից, Սփյուռքը՝ Հայաստանից»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները գոհ են աշխատանքներից. Հրանուշ Հակոբյան
- Որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության գաղափարին. ԱԺ նախագահ
- Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով. Արա Բաբլոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին