Նախագահը կարող էր և ասել, որ արդեն հետ ենք վերցնում մեր ստորագրությունները. Մանոյան
ՀՅԴ-ն ողջունում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, հատկապես հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը: Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հուսով ենք, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, որպեսզի նախագահն իր ասածն անի հաջորդ գարնան նախօրեին: Վստահ եմ, որ նա էլ չի հավատում դրական տեղաշարժին, ուրեմն Հայաստանը իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան: Դա ճիշտ որոշում է: Կարծում եմ՝ նախագահը կարող էր և ասել, որ արդեն հետ ենք վերցնում, բայց հավանաբար, ցանկացավ առիթ տալ ոչ թե Թուրքիային, այլ ընդհանրապես այդ գործընթացի միջնորդներին, որպեսզի եթե բան ունեն անելու, անեն»,- ասաց նա:
Հարցին՝ որպես կոալիցիոն գործընկեր՝ ՀՅԴ-ն տեղեկացված էր, որ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից այսպիսի շեշտադրումներով է խոսելու հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ Կիրո Մանոյանն առանց մանրամասներ մատնանշելու ընդգծեց՝ ՀՀ նախագահը վաղուց էր ասել, որ այսպես է լինելու:
«Արձանագրությունների մասով դրական տեղաշարժ չեմ կարծում լինի: Եվ դա ոչ Հայաստանի պատճառով, այլ այն պատճառով, որ Թուրքիան բազմաթիվ ներքին հարցեր ունի, արտաքին բազմաթիվ խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու խնդիրը իրենց օրակարգում չկա: Չի բացառվում, որ Թուրքիան կեղծ բաներ անի, որ իբր կարող է վավերացնել արձանագրություններից մեկը, բայց դա Հայաստանի կողմից կարծում եմ չի ընդունվի: Թուրքիայի դրած նախապայմանը լուրջ է, իրենց տեսակետից լուրջ է: Իրենց համար հիմնական խնդիրն Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելն է, իսկ եթե ճնշումը չի աշխատում, չեմ կարծում՝ իրենք չեն շտապի արաձանագրությունները վավերացնել»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան