Սան-Դիեգոյի հիվանդանոցում երեխաներին վիրահատարան են տանում մեքենաներով
ԱՄՆ Սան-Դիեգո քաղաքի Rady հիվանդանոցում երեխաներին, որոնք պետք է վիրահատվեն, BMW, Mercedes և Lamborghini մեքենաներով են տանում վիրահատարան: Իհարկե, խաղալիք: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, բժիշկներն ասում են, որ դա օգնում է երեխաներին հանգստանալ բժշկական միջամտությունից առաջ:
Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են կլինիկայի հիվանդներն իրենք գնում վիրահատարան՝ նստած խաղալիք մեքենայի ղեկին: Երեխաների մեքենաների հեռակառավարման վահանակը գտնվում է բուժող բժշկի ձեռքում: Rady հիվանդանոցի աշխատակիցներն ասում են, որ երեխաները դադարել են գոռալ և անհանգստանալ:
«Ծնողները տեսնում են, որ իրենց երեխաները հանգիստ են, և իր հերթին, մեզ չեն նյարդայնացնում»,- ասել է վիրաբույժներից մեկը: