Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար»,- նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահն իր ելույթում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է. «Վերջին անգամ այս նույն բարձր ամբիոնից խոսելիս՝ անդրադարձա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին և պարտքս համարեցի մեկ առ մեկ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել էին իմ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարված այդ հրեշավոր ոճիրը:
Պատվո ու Պատասխանատվության այս բարձր ամբիոնից պարտքս եմ համարում երախտագիտություն հայտնելու այն երկրներին, որոնք ճանաչեցին կամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Շնորհակալություն` անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից:
Շնորհակալություն շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք ի լուր աշխարհի իրենց անունով են իրերը կոչում: Դա իսկապես կարևոր է, քանի որ ուրացումը ճանապարհ է հարթում ցեղասպանության նոր ոճիրների համար:
Այս կապակցությամբ պետք է հիշենք, որ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առիթով հանդես է գալու նոր նախաձեռնությամբ, և մենք բոլորին հրավիրում ենք մեզ միանալ և պաշտպանել այդ նախաձեռնությունը:
Այսուհանդերձ, մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները:
Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից:
Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար:
Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների:
Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է համոզված լինել, որ յուրաքանչյուր երկու հարևան պետություններ պարտավոր են հիմնել և վայելել կանոնավոր հարաբերություններ՝ իրենց միջև հնարավոր բոլոր տարաձայնությունները քննարկելու և դրանց լուծումները գտնելու նպատակով»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը
- Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ. ՀՀ նախագահ
- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (ամբողջական)
- Սերժ Սարգսյանը և Անջեյ Դուդան կարևորել են քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը
- Նախագահը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
- Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին