Վիլնյուսում հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես է բացվել
Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի է ունեցել միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ցուցահանդեսին ներկայացված են միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետության կոթողների շուրջ 30 բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոնկարիչների կողմից անցած մեկ դարի ընթացքում:
«Շնորհիվ հայ առաքելական եկեղեցու՝ մենք կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը դարերի ընթացքում։ Կարևորագույն գրքերը գրվել են այստեղ, ամենազարմանահրաշ ձեռագրական մանրանկարները ստեղծվել են մեր վանքերում։ Եկեղեցին պատմության ընթացքում խաղացել է ոչ միայն կրոնական, այլ նաև հասարակական, մշակութային և քաղաքական դեր հայ ժողովուրդի կյանքում»,- ասել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Այնուհետև Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հայոց եկեղեցիների և մենաստանների երկուհազարամյա աշխարհագրությունը մատնանշում են հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները, և որ նրանք հայոց պատմության կենդանի վկաներն են։
Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասն էլ ընդգծել է, որ Հռոմի Պապը 2015թ. Հայաստան կատարած իր այցը ներկայացրել է՝ որպես «այցելություն առաջին քրիստոնյա պետություն»:
Արքեպիսկոպոս Գրուշասն ասել է, որ նկարներում պատկերված քարե եկեղեցիները կոչված են կանգուն լինել դարերով: Արքեպիսկոպոսը նաև հավելել է. «Հուսով եմ՝ նայելով այս հրաշալի եկեղեցիներին՝ յուրաքանչյուրս կկարողանանք յուրացնել և կրել արվեստում արտացոլված ժամանակի հրաշալիքի և հոգևոր ուժի մի մասնիկը»:
Թանգարանի տնօրեն Սիգիտա Մասլաուսկայտե-Մաժիլիենեն ողջունել է այս նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ճարտարապետության գեղեցիկ կոթողները «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» ներկայացնելու համար։
Ցուցահանդեսը ներկայացված է լինելու մինչև հոկտեմբերի 19-ը: