Սկսվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգումը
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական պետական թատրոնի շենքի վերանորոգումն սկսված է։ Ամբողջական վերանորոգումը կտևի երկու և կես տարի, իսկ թատերախմբին այդ ընթաքում հնարավորություն կտրվի հանդես գալու այլ թատերասրահներում։ Այս մասին հայտնել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն, ում գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 20-22-ը Հայաստանում է՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով։
ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այսօր նախարարները հանդիպման ժամանակ իրենց երկրների մշակութային այլ պաշտոնյաների հետ շոշափել են համատեղ փառատոների, համերգների, գրահրատարակչական, կինոնախագծերի, հնագիտական պեղումների հարցեր:
Նշենք, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում:
Թատրոնը հիմնվել է 1856 թվականին վիրահայ համայնքի ջանքերով: Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը: Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, որի «Էլի մեկ զոհ» ու «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-1907 թվականներին հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օ. Գուլազյանը, Քնարիկը, Մ. Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը:
1918-1920 թվականները թատրոնի համար եղել են ճգնաժամային։ 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն։ Առաջին ներկայացումը եղել է «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատում էին Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը։ 1936 թվականի մարտին թատրոնին հատկացվել է առանձին շենք Հավլաբարում:
1991 թվականին թատրոնը վերանվանվել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը սկսվում է
- Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկելու են վերանորոգման աշխատանքներ
- Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան