Հենրիկ Չեշնիկի «Վտանգավոր Խաղեր»-ը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում
Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 5-ին կբացվի լեհ հայտնի նկարիչ Հենրիկ Չեշնիկի ստեղծագործությունների ցուցահանդեսը` «Վտանգավոր Խաղեր»: Panorama.am-ին տեղեկացրեցին Ազգային պատկերասրահից:
Հենրիկ Չեշնիկը ցուցադրվում է 1970-ականների սկզբից: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ հայրենիքում ու արտասահմանում: Ինչպես և շատ արվեստագետներ, տարվել է ավանգարդիստական և պոստմոդեռնիստական ուղղություններով: Օժտված է գրաֆիկական բացառիկ ձիրքով, հմտորեն տիրապետում է գծին: Հ. Չեշնիկի ստեղծագործությունները առանձնանում են երբեմն գրոտեսկի հասնող ծայրահեղ արտահայտչականությամբ: Նրա կերպարների աշխարհը խորհրդանշական է և բազմաշերտ, այստեղ առկա են հղումներ սյուրռեալիստների, էքսպրեսիոնիստական և աբստրակտ ուղղությունների արվեստին: Այդ մասին են վկայում նկարչի գեղարվեստական հակումները՝ Վ. Վան Գոգից, Է. Շիլլեից, Օ. Կոկոշկայից, Պ. Կլեեից մինչև Ֆ. Բեկոն:
Այժմ պրոֆեսոր Հենրիկ Չեշնիկը աշխատում է Գդանսկի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նա ժամանակին սովորել է գեղանկարի բաժնում, ղեկավարում է Գեղանկարի և գծանկարի հիմունքների արվեստանոցը: