Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների մի շարք համատեղ նախաձեռնություններին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, արտգործնախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստի որոշումների կատարման ընթացքին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կազմակերպության ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել են ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ելույթ ունենալով՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ընթացիկ տարին հոբելյանական է՝ լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամների մեծ մասի՝ ՄԱԿ-ին անդամակցության քառորդդարյա հոբելյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի դերակատարության առավել բարձրացումը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, կայուն զարգացման նպատակների իրագործման, ահաբեկչության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղություններով։
Նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկմանը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ներկայացվելիք մի շարք համատեղ նախաձեռնություններին։
Հանդիպման արդյունքներով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հայտարարություններ են ընդունել «Աշխարհում համապարփակ կայունության ապահովման մասին», «Միջազգային ահաբեկչությանը հակազդեցության մասին», «Աֆղանստանում իրավիճակի և երկրի հյուսիսային մարզերում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների դիրքերի ուժեղացման վտանգի մասին»։
Նախարարները քննարկել են ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա հանդիպումների օրակարգը և ժամանակացույցը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին