Անկախությունն ամենալավ բանն է. Ջիվան Գասպարյան
ՀՀ Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա նվիրումի, ինչպես նաև հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար դուդուկահար Ջիվան Գասպարյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Աշխարհի տարբեր երկրներում 21 մրցանակի արժանացած դուդուկահարը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինձ համար միշտ էլ ավելի կարևոր ու գնահատելի է Հայաստանում ստացած պարգևներս։ Շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնը, անկախությունն ամենալավ բանն է։ Ամենակարևորը թող խաղաղություն լինի, կյանքներդ երկար լինի»։
Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը ևս պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
«Սա լավ ստեղծագործական խթան է, սա վերաբերմունք է ոչ միայն անձին, այլ բնագավառին, որտեղ որ աշխատում ես, ստեղծագործում ես»,- ասաց կոմպոզիտորը։
Նշենք, որ այսօր նախագահի հրամանագրերով Պատվո շքանշանով պարգևատրվեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝ դերասան Ռաֆայել Քոթանջյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արամեն, Մհերը և Սիրուշոն՝ վաստակավոր արտիստ
- «Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց Վաստակավոր արտիստ եմ». Մկո
- Մեր անկախության հաջորդ տարեդարձները մենք տոնելու ենք ավելի ամրացած և ուժեղացած. Սերժ Սարգսյան
- Վաստակավորի կոչումն ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է. Նարեկ Հախնազարյան
- Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում շնորհվեց
- «Դուդուկի կախարդ»-ն ու «Քանոնի թագուհին»՝ «Նաիրի»-ի մրցանակակիրները