Հանցավորության շարժընթացում էական դրական փոփոխություններ կան. Գլխավոր դատախազ
«Պաշտոնական վիճակագրությունը վկայում է այն մասին, որ հանցավորության շարժընթացում էական դրական փոփոխություններ կան: Խոսքը վերաբերում է այնպիսի հանցատեսակներին, որոնք գրեթե զրոյական լատենտայնություն ունեն, այսինքն` չի կարող սպանությունը թաքցված մնալ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում մեծ թվով սպանություններ տեղի ունեցան, մի մասը վենդետա էր, սա ինչի՞ հետևանք է:
Ա. Դավթյանի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 30 տոկոսի տարբերություն կա, նաև նշեց, որ , վիճակագրության համաձայն, աշխարհի շատ երկրներ Հայաստանի համեմատ ունեն ավելի բարձր հանցավորության ցուցանիշ, բացահայտման ավելի ցածր ցուցանիշ:
«Ինչ վերաբերում է վենդետայի առկայությանը կամ բացակայությանը, քրեական գործերի ընթացքը ցույց կտա, թե դրանք որքանով են կապած նախորդ դեպքերի հետ»,-ասաց Գլխավոր դատախազը՝ հավելելով, որ վենդետայի երևույթը գոյություն ունի ամբողջ աշխարհում, և, բնականաբար, օպերատիվ ծառայությունների կողմից մշտապես իրականացվում է կանխարգելիչ աշխատանք:
«Բազում հանցագործություններ չեն իրականացվում այդ կանխարգելիչ աշխատանքների արդյունքում, որի մասին, որպես կանոն, տեղյակ չեք էլ լինում: Իսկ ինչը, որ կատարվել է, ուրեմն գործ ունենք փաստի հետ և այդ փաստով, բացի հիմնական հանցագործության դեպքի քննությունից, քննության առարկա կդառնա նաև այն հանգամանքը, թե հնարավո՞ր էր դա կանխել»,- նշեց Ա. Դավթյանը: