Գարեգին Երկրորդ. Յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական բարձրագույն աստիճանի վրա կանգնած, ունի իր տեսակետը
«Յուրաքանչյուր անձ, նաև եկեղեցական բարձրագույն աստիճանի վրա կանգնած, ունի իր հայեցակետը, տեսակետը, ընկալումները»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունենք Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսի այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պարպվում է, դատարկվում է:
Գարեգին Երկրորդի խոսքով, բոլորն էլ խոսում են Հայաստանից արտագաղթի մասին. «Մենք մեր ջանքերը պետք է մեկտեղենք՝ բոլորս՝ Սփյուռք, Հայաստան, անխտիր ողջ հայությունը, որպեսզի կարողանա կանխել այդ երևույթը և մեր երկիրը դարձնել ազգահավաքության հայրենիք, յուրաքանչյուր հայորդու օջախ և տուն, և խաղաղության մեջ, որպեսզի ծաղկի այս երկիրը, անկախության ներքո, որպեսզի յուրաքանչյուր հայ զգա իրեն ապահով, անվտանգ, լծվի ստեղծագործ աշխատանքի»:
Հարցին, թե պատճառն ի՞նչ է, որ անկախությունից 26 տարի անց հայերը թողնում են իրենց հայրենիքը, Վեհափառն ասաց. «Կդժվարանամ հստակ գնահատական տալ, թե ինչն է պատճառը, որ մեր ժողովրդի զավակները թողնում են հայրենիքը: Բազմաթիվ են, զանազան են, պետք է բոլորս տեսնենք, ընկալենք, գիտակցենք: Մենք մշտական պատերազմի վտանգի առջև կանգած և պատերազմող երկիր ենք: Բնականաբար, ընտանիքներ կան, ովքեր ցանկանում են այդ վտանգից զերծ մնալ, այսինքն՝ չվտանգել իրենց զավակների կյանքը: Երկիրը տնտեսական շրջափակման մեջ է, բլոկադայի մեջ է, և այս տնտեսական վիճակը նույնպես ներազդում է մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի կերտման վրա: Շատերը դժվարություններ ունեն, աշխատանք չունեն, միջոցներ չունեն, փնտրում են հնարավորություններ այլ երկրներում, որտեղ կկարողանան իրենց կյանքի բարեկեցությունն ապահովել: Այս իրավիճակների մեջ մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը:
Արդարության պակաս… Նույնպես: Մեր խոսքի մեջ մենք ասեցինք, որ ձախողած գործ, տեղ գտած անարդարության պատճառով, մենք չենք կարող լքել մեր հայրենիքը: Մենք փոխանակ, ինչպես մեր ժողովուրդն է ասում, անիծենք անընդհատ խավարը, մոմ վառենք, լուսավորենք մեր կյանքը, մեր երկիրը շենացնենք և առաջ տանենք»:
Հարակից հրապարակումներ`
- Եկեք վատառողջ քննադատություններից վեր մնանք. Արամ Առաջին
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին