«Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
«Ադրբեջանական լվացքատան» ու եվրոպացի քաղաքական գործիչների կաշառման վերաբերյալ նոր բացահայտումներ են կատարվել։ Այս անգամ կաշառված քաղաքական գործիչների շարքը համալրվել է ևս մեկ գերմանացի պատգամավորով, ով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակիցն է ու նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության անդամ։
«Süddeutsche Zeitung» (Զյուդդոյչե Ցայտունգ) օրաթեթը սեպտեմբերի 19-ին հրապարակել էր հոդված՝ «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով։
Հոդվածում նշվում է, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել ինչ-որ մի ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեություն է մատուցել Ադրբեջանի իշխանություններին: Այդ ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Նշվում է, որ Շտրենցը արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Նրա համացանցային կայքի գլխավոր էջում նրա լուսանկարն է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իր պատգամավորական կայքէջում Կարին Շտենցը նշել է, որ “Line M-Trade” անվամբ ինչ-որ մի ֆիրմայից ինչպես 2014թ., այնպես էլ՝ 2015թ. հունվարին, նա համապատասխանաբար 7500 և 15000 եվրո գումար է ստացել` լրացուցիչ աշխատանք կատարելու դիմաց: ԳԴՀ-ում գրանցված ընկերությունների պաշտոնական ռեգիստրի համաձայն` վերոնշյալ ֆիրման նույնպես պատկանում է Էդուարդ Լինթներին:
2014թ. Կարին Շտրենցը «Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն» ֆիրմայի ինչ-որ մի աշխատակցի հետ միասին հիմնել է իր սեփական ֆիրման` «Extnet» ՍՊԸ-ն` հանդես գալով որպես գործադիր տնօրեն և բաժնետեր, սակայն Բունդեսթագի իր պաշտոնական կայքէջում այդ մասին ոչ մի տեղեկություն զետեղված չէ: Հիմնադրումից մի քանի ամիս հետո Շտրենցը ընկերության տնօրինությունը և իր բաժնեմասը փոխանցել է իր ամուսնուն` Կուռթ Շտրենցին:
Մի քանի օրից տեղի կունենան ԳԴՀ Բունդեսթագի ընտրությունները և Կարին Շտրենցը հույս ունի երրորդ անգամ զբաղեցնել պատգամավորի պաշտոնը: Նշվում է, որ այս բացահայտումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ընտրություններում Մերկելի կուսակցության արդյունքների վրա, գրում է The Guardian-ը։
Շտրենցը, ով ԵԽԽՎ պատգամավոր է, վեհաժողովում մշտապես աջակցել է Ադրբեջանին, ու այժմ նրա վրա ճնշում է գործադրվում ու նրանից պահանջում են բացատրություն, թե ինչպես է գումարների վճարումներն ազդել Բեռլինում ու ԵԽԽՎ-ում իր քվեարկությունների վրա։ Շտրենցը նաև այն պատգամավորներից է, ով 2015թ․-ին դեմ է քվեարկել նախաձեռնությանը, որը կոչ էր անում Ադրբեջանին ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Նա միակ գերմանացի պատգամավորն էր, որ դեմ է եղել նախաձեռնությանը։ ԵԽԽՎ-ում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն Das Erste-ին ասել է, որ Շտրենցը Ադրբեջանի ամենաեռանդուն աջակիցներից է, ով ցուցաբերել է զրո քննադատություն Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի կաշառվածության բացահայտումից հետո վերջինս հրաժարական տվեց ԵԽԽՎ-ից, չի բացառվում նաև նման զարգացումը Շտրենցի դեպքում։ Բելգիայի խորհրդարանի պատգամավորները կարծում են, որ Դեստեքսի հրաժարականով գործը չի կարող փակվել և Սենատին կոչ է արվում դեոնտոլոգիական հետաքննություն սկսել Դեստեքսի նկատմամբ, քանի որ «Խավիարգեյթը» ստվերում է Բելգիայի քաղաքականության, դիվանագիտության ու հեղինակության նկատմամբ վստահությունը։
Նյութը պատրաստեց Աննա Մկրտչյանը, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիստի սկանդալային բացահայտումը․ հրաժարական է տվել զեկուցող Դեստեքսը
- Ադրբեջանին այլևս բրենդավորել պետք չէ, այն արդեն բրենդ է. կոռուպցիայի և կեղտոտ լոբբինգի խորհրդանիշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան