«Երևան Օփեն». 2-րդ տուրից հետո 27 շախմատիստ գլխավորում է աղյուսակը
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը: Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակներով չկարողացավ առավելության հասնել Հայկ Վարդանյանի նկատմամբ:
Մրցաշարի պաշտոնական էջի հաղորդմամբ, մրցակիցների դիմադրությունը չկարողացան կոտրել նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Իվան Ռոզումը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: Տուրի գլխավոր անակնկալն էր Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակը միջազգային վարպետ Արամ Հակոբյանի նկատմամբ:
Մրցաշարի ֆավորիտներից 2-րդ հաղթանակները գրանցեցին Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը և Հայկ Մարտիրոսյանը: 2-րդ հաղթանակը տոնեց նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Կանանց հավաքականի անդամներից Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց գրոսմայստեր Օլեգ Կորնեևին:
Մեկնարկային տուրի ցավալի պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց Մանուէլ Պետրոսյանը:
2-րդ տուրից հետո 27 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 21 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:
«Երևան Օփեն»-ին մասնակցում են 13 երկրների 150 շախմատիստն, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարը
- Սեպտեմբերին կանցկացվի «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը
- Նորայր Քալանթարյան. «Երևան Օփեն» շախմատային փառատոնը կդառնա ավանդական»
- Ռոբերտ Հովհաննիսյանը` «Երևան Օփենի» հաղթող