«Դուդուկի կախարդ»-ն ու «Քանոնի թագուհին»՝ «Նաիրի»-ի մրցանակակիրները
«Դուդուկի կախարդը»՝ վարպետ Ջիվան Գասպարյանը, «Քանոնի թագուհին»՝ Անժելա Աթաբեկյանը, «Կախարդական փայտիկի տիրակալը»՝ Հովհաննես Չեքիջյանը, «Թավջութակի թագուհին»՝ Մեդեա Աբրահամյանը: Այսպես է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխության մրցանակակիրներին:
«Շնորհակալ եմ ձեր գործունեության, ձեր եզակի մարդկային և պրոֆեսիոնալ տեսակի համար: Թող մաքրազարդվի հայ մշակույթը, թող աշխարհասփյուռ հայությունը զորանա իր ազգային արժեքներով, թող կարող, ուժեղ, մրցունակ Հայը շարունակի իր ձեռագիրն ունենալ ու հարատևել ոչ միայն մշակույթի, այլև բոլոր բնագավառներում»,-ասել է Սփյուռքի նախարարը:
Փառատոնի կազմակերպիչ Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փառատոնի մրցանակաբաշխությունն առանձնացավ իր բացառիկությամբ:
«Նաիրի» մրցանակ հանձնվեց նաև ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին: Հատուկ մրցանակի արժանացավ նվագարանների լավագույն վարպետներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դուդուկների տարատեսակներ ստեղծած վարպետ Գեորգի Մինասովը:
«Նաիրի» մրցանակ հանձնվեց ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանին: Հատուկ մրցանակի արժանացավ երիտասարդ, բայց արդեն իր փայլուն ելույթներով միջազգային մեծ ճանաչում ձեռք բերած տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
«Հարվածային նվագարաններ» անվանակարգում «Նաիրի» մրցանակ հանձնվեց դհոլահար Գագիկ Հախվերդյանին:
«Նաիրի» մրցանակներ ստացան ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը:
Հնչեց Հայաստանի կոմպոզիտորների միության և «Նաիրի» փառատոնի ժյուրիի նախագահ Արամ Սաթյանի նոր ստեղծագործությունը «Վոկալիզը», որ գրվել է հատուկ «Նաիրի» փառատոնի համար:
«Կոմպոզիտոր» անվանակարգում «Նաիրի» գլխավոր մրցանակը հանձնվեց Վլադիլեն Բալյանին:
Փառատոնի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը, ում հանձնվեց «Արտյոմս» ոսկերչական տան սահմանած հատուկ մրցանակը:
«Դասական երգիչ» անվանակարգում «Նաիրի» մրցանակի արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը:
«Դասական ստեղնաշարային նվագարաններ» անվանակարգում «Նաիրի» մրցանակի դափնեկիրը ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանն էր:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ հանձնվեց հատուկ մրցանակ:
Հատուկ մրցանակի արժանացավ երաժշտագետ, բանագետ, արվեստագիտության թեկնածու, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեվանյանը:
«Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի սեփականատեր, ռուսաստաբնակ գործարար, «Նաիրի» փառատոնի գլխավոր հովանավոր Գրիգոր Ղուկասյանը իր բարեգործական, ինչպես նաև հայ երգն ու երաժշտությունը հանրահռչակելուն ողղղված գործունեության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով պարգևատրվեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
Վերջում Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանին շնորհվեց «Լավագույն խմբավար» մրցանակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո կայացավ «Նաիրի» համահայկական փառատոնի մրցանակաբաշխություն-շքահանդեսը: Այն տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում` ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, Հայաստանի կոմպոզիտորների միության և «Նաիրի» հիմնադրամի հետ համատեղ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում անցկացվեց «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը
- «Նաիրի» երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հատուկ հյուրն է Միշել Լեգրանը
- Հայ երաժշտությունը, նվագարաններն ու երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ արձանները՝ «Նաիրի» երաժշտական այգում
- Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել. Անժելա Աթաբեկյան
- «Սերս գաղտնի թող մնա» երգը սկզբում չընդունեցին. Վլադիլեն Բալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին