Իրանագետ. Հրթիռների արտադրությունն այն կարմիր գիծն է, որից այն կողմ Թեհրանը չի գնա զիջումների
«Իրանը 2000 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանն ու ավելացրել, որ Հասան Ռուհանիի՝ Նյու Յորքից վերադառնալուց հետո Իրանի զինված ուժերը զորահանդես են կազմակերպել, որի ընթացքում ցուցադրվել է «Խորամշահր» անունը կրող 2000 կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռը, որն ունակ է իր վրա կրել մի քանի մարտագլխիկ:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարը տեղեկացրել է, որ նոր բալիստիկ հրթիռը շուտով կհամալրի ԻԻՀ զինված ուժերի զինանոցը:
Իրանագետը նկատում է, թեև Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ հաճախ փորձ է արվել և արվում հրթիռային համակարգերի հարցն ընդգրկել միջուկային ծրագրերի շուրջ ընթացող քննարկումներում, սակայն միջուկային համաձայնությունից հետո Իրանը մշտապես հայտարարել է, որ հրթիռների արտադրությունն այն կարմիր գիծն է, որից այն կողմ Թեհրանը չի պատրաստվում գնալ զիջումների, առավել ևս, որ միջուկային համաձայնությունը որևէ կերպ չի առնչվում Իրանի հրթիռային համակարգերի շահագործմանը: