Միքայել Մինասյան. Հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն
Հայաստանի անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:
Արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք է ուղղել Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին, խոսելով հայ-վատիկանյան հարաբերությունների մասին, նշել է, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ճանապարհ է, որը բաղկացած է բազմաթիվ լուսավոր կետերից, որոնց թվում են Հայաստանի երեք նախագահների այցելությունները Սուրբ Աթոռ, Հովհաննես Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի այցելությունները Հայաստան, Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև ջերմ և կառուցողական շփումները:
Կարդինալ Սանդրին հավելել է, որ յուրաքանչյուր կատարված քայլ առավել խորը հարգանքի և բարեկամության կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծել, որոնք ավելի գեղեցիկ և հարուստ են դարձրել դիվանագիտական հարաբերությունները:
Պատարագից հետո ելույթ է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում նշել է, որ հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և զարգացել են բովանդակալից երկխոսության ու փոխադարձ խորին հարգանքի հիման վրա: Դարերով ամրացած միջեկեղեցական, միջմշակութային և միջանձնյա փոխըմբռնման հարաբերությունները հանգեցրել են միջպետական շփման այն բարձր մակարդակին, որը արձանագրվել է այս քառորդդարյա ժամանակաշրջանում:
Դեսպանը երախտագիտություն է հայտնել կարդինալ Սանդրիին հայ-վատիկանյան միջպետական, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար՝ հավելելով, որ խորհրդանշական է հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի նշումը Քահանայապետական հայ վարժարանում, քանի որ այս հաստատությունը հարյուրամյակներ շարունակ ամուր կամուրջ է եղել հայ-վատիկանյան կապերում:
Պատարագին հետևել է ընդունելություն, որին ներկա են եղել Սուրբ Աթոռի պետքարտուղարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:
Հարակից հրապարակումներ`
- Կարդինալ Սանդրին Հայաստանում կմասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը
- Ընդդեմ հիշողության կորստի. Դու ճանաչո՞ւմ ես ինձ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան