«Նման հանձնարարական չի եղել». ԿԳ նախարարը՝ ռուսերենի շուրջ աղմուկի մասին
«ՀՀ պետական լեզուն հայերենն է և այդպես կմնա, մնացած բոլորը համարվում են օտար լեզուներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ վարչապետը չի ասել ստեղծեք ռուսաց լեզվի հայեցակարգ, դա սխալ են հասկացել:
«Նման հանձնարարական չի եղել, նա հանձնարարել է որակական փոփոխություններ կատարել օտար լեզուների դասավանդման համակարգում»,- նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ արդյունքում մշակվել են լատինատառ՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների և ռուսաց լեզվի հայեցակարգեր։
«Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսաց լեզու են անցնում, որովհետև այն ԱՊՀ երկրներում և ԵԱՏՄ համագործակցության աշխատանքային լեզու է։ Գիտական և ռազմաարդյուանբերական համալիրի գիտական դաշտի մեծ մասը ռուսաց լեզվով է: Մեզ համար երկրորդ կարևոր լեզուն անգլերենն է, քանի որ այն այսօր շատ կարևոր և գործածվող լեզու է աշխարհում»,- ասաց ԿԳ նախարարը:
Նրա խոսքով՝ խնդիր է նաև ուսուցիչների որակի անկումը և դասաժամերի անբավարար քանակը. «Օտար լեզուների բոլոր մասնագետներն ասում են, որ մեծ լսարաններով շաբաթական մեկ կամ երկու ժամով հնարավոր չէ օտար լեզուների կրթության որակն ապահովել, պետք է նաև փոփոխություն անել մեթոդիկայի մեջ»:
Նախարարը հավելեց, որ օտարալեզու դպրոցների գաղափարին ինքը դեմ է եղել և գտնում է, որ օտար լեզու կարելի է սովորել՝ ստանալով հայկական կրթություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան