Արմեն Աշոտյանը Բաքվում հակադարձել է հակահայկական քարոզչությանը
Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի կողմից կազմակերպված համաժողովին ելույթով հանդես է եկել Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից հայտնում են, որ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել Եվրանեսթ ԽՎ-ի քարտուղարությանը և Ադրբեջանի պատվիրակությանը՝ համաժողովի կազմակերպման և հրավերի համար, անդրադարձել հայկական պատվիրակության՝ Բաքու ժամանելու որոշմանը՝ նշելով, որ որոշումը մեծապես պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հայաստանը, նախևառաջ, իրեն համարում է եվրոպական արժեհամակարգի կրող և ընտանիքի մաս, հետևաբար չէր կարող զերծ մնալ նման կարևոր համաժողովին մասնակցությունից և քննարկումներից:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Եվրանեսթ ԽՎ-ին Հայաստանի մասնակցությունը, կարևորել նոյեմբերին Բրյուսելում ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Արմեն Աշոտյանը նաև անդրադարձել է համաժողովի ընթացքում ադրբեջանական մի շարք բանախոսների՝ կանանց առողջապահության և սոցիալական խնդիրների համաժողովի հարթակը հակահայկական պրոպագանդայի վերածելու փորձերին և նշել, որ հայկական պատվիրակությունը Բաքվում է համաժողովի բուն թեմաների, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման համար:
Այս համատեքստում Արմեն Աշոտյանը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հակամարտություններում տուժում են հակամարտող բոլոր կողմերը, ուստի անհրաժեշտ է լսել բոլոր կողմերին և առկա հարցերը քննարկել մարդու իրավունքների և մարդասիրության շրջանակներում՝ անկախ քաղաքական, էթնիկական և կրոնական տարբերություններից: Արմեն Աշոտյանը հորդորել է նաև ադրբեջանական կողմին գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ և քսենոֆոբիայով, ինչն իր բացասական հետևանքներն է ունենալու ողջ տարածաշրջանի համար:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կրթական համակարգում հակահայակական կարծրատիպերի ձևավորման խնդիրներին, հորդորել արմատախիլ անել հայատյացությունն ու քսենոֆոբիան:
Ելույթի ավարտին Արմեն Աշոտյանը Ադրբեջանի կրթության փոխնախարարին է փոխանցել «Azerbajan: childhood in hate» աշխատությունը, որն ապացուցում է հայատյացության և ատելության քարոզչությունը Ադրբեջանում։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում հայ պատգամավորների ասուլիսից հետո Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել
- Աշոտյանը, ելնելով անվտանգությունից, չի մանրամասնում՝ ինչ երթուղիով են հասնելու Բաքու. ՀԺ
- Աշոտյանն ու Թանդիլյանը վաղը կմեկնեն Բաքու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան