Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փոխել է հայ կանանց մտածողությունն ու հոգեբանությունը. Լևոն Ալթունյան
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր մասնակցել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։
Լևոն Ալթունյանն, իր խոսքում, նշել է՝ ուշագրավ է այն, որ ոչ բժիշկների կողմից հիմնադրված Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կարևոր դերակատարություն ունեցավ ոչ միայն մեծաթիվ կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման կամ վաղ հայտնաբերման, այլև հայ կանանց մտածողությունն ու հոգեբանությունը փոխելու գործում։
Վկայակոչելով, թե 20 տարի առաջ Հայաստանում առողջապահական ինչպիսի խնդիր էր կրծքագեղձի քաղցկեղը` նախարարն ընդգծել է, որ սկսելով ընդամենը 1-2 մամոմոգրաֆիական սարքով, նախկին Մամոգրաֆիայի կենտրոնն այսօր ներկայանում է որպես եզակի մի բժշկական կազմակերպություն։ Եզակի՝ ոչ միայն ժամանակակից սարքավորումներով, մատուցվող բազմաթիվ ծառայություններով, ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետներով, այլև կառավարման և բժշկական սպասարկման բարձրակարգ մակարդակով։
Բարձր գնահատելով Հայ-ամերիկյան կենտրոնի դերն ու գործունեությունը` դրա հիմնադրման, կայացման և զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ-Ամերիկյան մշակութային ասոցիացիայի և Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի խորհրդի անդամներ Ռիթա Պալեանին, Քեթրին Բերբերյանին, Քիդ Սիմոնզին և Քամիլա Քոբբին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնում են, որ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը:
Արա Բաբյոյանը նշել է, որ ինքը ևս, ժամանակին լինելով ՀՀ առողջապահության նախարար, մասնակցել է կենտրոնի ստեղծմանը և անձամբ է ճանաչում կենտրոնի հիմնադիրներ Ռիտա Պալյանին, Հրանուշ Հակոբյանին, Խաչանուշ Հակոբյանին, ինչպես նաև բուժանձնակազմի անդամներից շատերին:
ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրանց մասնագիտական բարձր կարողությունները նպաստում են մեր բնակչության առողջության և կյանքի որակի բարելավմանը:
Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակի առթիվ խորհրդարանի ղեկավարը պարգևատրել է կենտրոնի հիմնադիր Ռիտա Պալյանին ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, իսկ կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: