Վարչապետին մտահոգում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը
Վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքերով՝ գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը, կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմանները բացահայտելու և այն արդյունավետ իրագործելու վրա, մինչդեռ վիճակագրական տվյալները, ըստ նրա, մտահոգության տեղիք են տալիս:
«Հետևաբար, առկա է անհրաժեշտություն` ապահովել ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը: Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»,- նշեց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին, Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին երկշաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին:
«Մենք օգոստոս-օգոստոս համեմատության մեջ և հունվար-օգոստոս 2017 և հունվար-օգոստոս 2016 թվերի մեջ ունենք բոլոր ոլորտներում աճ՝ բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից: Ընդ որում՝ շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց են տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այդ հետ ընկնելը, դրան գումարած այն հանձնարարությունները, որ մենք տվել ենք շինարարության ոլորտին, այդ թվում՝ ձմեռային ամիսներին և այլն, դրան գումարած Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կանխատեսումները՝ մենք այդտեղ մեծ խնդիրներ չենք տեսնում: Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ թվերը հասկանալ, շատ ուշադիր անդրադառնում ենք դրան»,- նշեց Կարեն Կարապետյանը: