Արծվաբերդում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից հաստատում են , որ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գրանցվել են տուլարեմիայի դեպքեր: Panorama.am-ի նախարարությունից հայտնեցին, որ Արծվաբերդում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է տուլարեմիայի 5 հաստատված դեպք: Նույն համայնքում հատուկենտ, ոչ միաժամանակյա դեպքեր արձանագրվել էին օգոստոս ամսին:
«Հիվանդները գանգատվել են ջերմությունից, կոկորդի ցավից, լիմֆադենիտից, որոշ դեպքերում` կոնյուկտիվիտից: Դեպքերը հիմնականում արձանագրվել են 30-40 տարեկանների շրջանում: Հիվանդությունն ունի հիմնականում թեթև ընթացք, որոշ դեպքերում՝ միջին ծանրության: Ներկայումս հոսպիտալային բուժում է ստանում 4 հիվանդ, ևս 1-ը` ամբուլատոր»,-նշեցին նախարարությունից:
Նշվում է նաև, որ կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, դիտարկվում են վարակի փոխանցման բոլոր հնարավոր մեխանիզմները, մասնավորապես՝ այս համայնքի տարածքում էպիզոոտոլոգիական հետազոտություններ կատարվել են դեռևս ապրիլ ամսից սկսած՝ պարբերաբար, սակայն կրծողների շրջանում էպիզոոտիա չի արձանագրվել: Գարնանից ի վեր համայնքում կրծողների խտություն և ակտավացում չի դիտվել (նույնիսկ ցածր է նախորդ տարիների համեմատ):
Բացի այդ, ըստ նախարարության. ուսումնասիրվել է Արծվաբերդ համայնքի ջրամատակարարման համակարգը։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում վերջին երկու-երեք ամսվա ընթացքում շեղումներ չեն հայտնաբերվել. «Բնակչության շրջանում իրականացվել է տուլարեմիայի կանխարգելման հարցերի շուրջ գիտելիքների տարածում: Կազմակերպվել են նաև բոլոր հիվանդների և համայնքի ռիսկի խումբ հանդիսացող անձանց կենսաբանական նմուշների հետազոտություններ: Համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են»:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս իրականացվում է Արծվաբերդի և դրան հարակից համայնքների 7-ից բարձր տարիքի բնակչության հաշվառում (հատկապես դաշտային աշխատանքներ իրականցնող) տուլարեմիայի դեմ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու համար: Աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, որը տարածված է հիմնականում մեղմ կլիմայական գոտիներում: Տուլարեմիայի հիմնական աղբյուր են հանդիսանում կրծողները՝ (մկները, ջրային առնետները, դաշտային մկները, նապաստակները)։
Տուլարեմիայի գաղտնի շրջանը 1-30 օր է, հիմնականում՝ 3-7 օր: Հիվանդությունը սովորաբար տևում է 2-3 շաբաթ (երբեմն՝ ավելի), հազվադեպ կարող է ախտադարձ լինել: Հիվանդությունն ընթանում է ջերմության բարձրացումով, գլխացավով, թուլությամբ, բնորոշ է ավշային հանգույցների և դրանց հարակից հյուսվածքների ախտահարումով (բուբոն), որն առաջանում է հարուցչի ներթափանցման արդյունքում:
Վարակն օրգանիզմ է ներթափանցում մաշկի վնասվածքների կամ աչքի, շնչառական ուղիների կամ աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների միջոցով: Այն փոխանցվում է տզերի, ինչպես նաև սննդամթերքի և փոշու միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա