Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպման մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից էլ տեղեկացնում են, որ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։
Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր։
Նշենք, որ ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ին Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ սեպտեմբերի 23-ին ծրագրված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ. «Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ»։
FM #Nalbandian met @OSCE #Minskgroup Co-Chairs in #NewYork. pic.twitter.com/pBDscQIGXG
— Tigran Balayan (@tbalayan) September 23, 2017
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Մամեդյարովի հետ հանդիպման օրակարգում նախագահների հանդիպում կազմակերպելու հարցն է
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ