
«Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի վտանգ չկա. միջազգային փորձագիտական խումբ
Եվրոպական փորձագետների խմբի հետազոտությունների արդյունքների եզրակացությամբ «Նաիրիտ» գործարանում խոշոր աղետի սպառնալիք չկա: Այս մասին խմբի անդամները տեղեկացրել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը:
«Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները:
ԱԻՆ հաղորդմամբ, ուսումնասիրությունների ընթացքում փորձագետները ծանոթացել են գործարանում իրականացված արտադրության տեխնոլոգիաներին, ուսումնասիրել այնտեղ առկա տարբեր քիմիական նյութերի ծավալը, վիճակը, դրանց պահպանության պայմանները, տարաներն ու պահեստարանները ռիսկերն ու հնարավոր ազդեցությունը մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև իրականացրել առկա նյութերի մանրամասն գույքագրում և դասակարգում:
Ըստ այդմ՝ միջազգային փորձագետներն առաջարկում են տեղում ապահովել ժամանակավոր պահպանման ենթակա նյութերի պատշաճ պիտակավորում, ժամանակակից վերափաթեթավորում, համապատասխան պահեստարաններում պահպանություն և կառավարում (քիմիական վտանգավոր նյութերի պահպանման, վերամշակման և ոչնչացման արդիական տարբերակներ)՝ հնարավոր աղետի ռիսկը նվազեցնելու նպատակով:
Հանդիպմանը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը ընդգծել է, որ ԱԻՆ առաջնահերթ խնդիրն այդ տարածքն անվտանգ դարձնելն է:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ստահեցրել է, որ իրենց աջակցությունը շարունակական է լինելու, և առաքելության ավարտից հետո ևս փորձագետները մշտապես հասանելի կլինեն լրացուցիչ խորհրդատվության համար:
Փորձագիտական եզրակացությունը ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակին (Հայաստանում և Ժնևում, UN OCHA) և լուրջ հիմք է հանդիսանալու խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով տեխնիկական առաջադրանքներ մշակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին