ԵԽ Նախարարների կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել Ադրբեջանի վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47 անդամ երկրների ներկայացուցչները սեպտեմբերի 19-ից 21-ը «Մարդու իրավունքների» հանդիպման ժամանակ ուսումնասիրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը։ Օրակարգում ընդգրկված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2014թ․-ի ՄԻԵԴ վճիռը, որն Ադրբեջանը մինչ այսօր չի կատարել։
Քննարկման արդյունքում ԵԽ-ն ընդունել է աննախադեպ որոշում Իլգար Մամմադովի գործով։ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանին 1 ամիս ժամանակ է տվել Իլգար Մամմադովին ազատ արձակելու համար, հակառակ դեպքում կարող է սկսվել Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռացման գործընթացը։
Որոշման մեջ մեջբերվում է ՄԻԵԴ վճիռը, որը գտել էր, որ Իլգար Մամմադովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառ ու նրան ազատազրկել են կառավարությանը քննադատելու համար։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Մամմադովը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Նախարարների կոմիտեն մեջբերում է նաև այս գործով նախորդ որոշումներն ու միջանկյալ բանաձևերը, որոնցում նշվում է վճռականությունը՝ ապահովել ՄԻԵԴ վճռի կատարումը՝ կազմակերպության տնօրինության տակ գտնվող բոլոր միջոցներով։
Որոշման մեջ Նախարարների կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում, որ ՄԻԵԴ որոշման վերջնական դառնալուց մոտ 3 տարի անց Մամմադովը շարունակում է ազատազրկված մնալ։
Այս ամենից ելնելով, ԵԽ-ն քարտուղարությանը հանձնարարել է պատրաստել միջանկյալ որոշման նախագիծ ու Ադրբեջանին պաշտոնական կարգով ծանուցել, որ Նախարարների կոմիտեն մտադիր է դատարանի առաջ բարձրացնել Ադրբեջանի պարտականությունների չկատարմանն հարցը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46 հոդվածի 1-ին կետի համաձայն։ Այս հարցը քննարկվելու է հոկտեմբրի 25-ի կոմիտեի նիստում, եթե մինչ այդ Մամմադովի ազատման հարցում շոշափելի առաջընթաց չլինի։
Այս որոշման ընդունումից հետո ադրբեջանական կայքերում սկսեցին տարածվել լուրեր Իլգար Մամմադովի ազատման վերաբերյալ, որոնք սակայն հերքել է Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ին Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Մամմադովը 2014թ․-ին Բաքվում դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։