«Արտաշար գյուղում ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը». Բախշյան
«Այսօրվա ասուլիսն ուզում ես սկսել հանրապետության նախագահին դիմելով՝ Արմավիրի մարզպետը մեր երկրի թագավորներից մեկն է, ով ոչ վարչապետ, ոչ նախարար, փոխվարչապետ, կարծես ոչ մեկին չի լսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ ներկայացնելով Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրեն նշանակման հետ կապված որոշումը:
Նա մանրամասնեց, որ այս դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված պատմությունը սկսվում է նախորդ տարվա նոյեմբերից. «Դպրոցի տնօրենի հավաստագրման հնգամյա ժամկետն ավարտելուց հետո տնօրենի նոր ընտրություն պիտի լիներ: Այդ ընտրությունը նոյեմբերից այսօր այդպես էլ չկայացավ և ակնհայտ էր մարզպետի ճնշող ձեռքն այդ գործընթացի վրա: Տնօրենի պաշտոնի հավակնորդներն էին դպրոցի նախկին տնօրեն, լեզվի ու գրականության ուսուցչուհին և Մեծամոր քաղաքից եկած ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Կարող եմ ենթադրել, որ ընտրության որոշման վրա ազդեցություն է ունեցել կաշառքը: Մարզպետն այնպես արեց, որ մրցույթը չկայանա, մինչ այս տարվա սեպտեմբերի 4-ը, որից մի քանի անգամ բարձրաձայնելուց հետո ես ստանում եմ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նամակն այն մասին, որ երկու հավակնորդների գործերն ուղարկվել է փոխվարչապետին: Ուզում եմ հարցս տալ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, ինչ չափորոշիչներով նայեց հավակնորդներին, որ հինգ աշխատանքային օրվա փոխարեն 11 աշխատանքային օր հետո որպես դպրոցի տնօրենի թեկնածու ներկայացրեց ֆիզկուլտուրային ուսուցչին՝ այսինքն մարզպետի մարդուն»:
Բախշյանը համոզված է, որ այս ամբողջ ընթացքում արմավիրի մարզպետն ամեն ինչ արել է, որ իր ուզած մարդուն նշանակի Արտաշարի դպրոցի տնօրեն:
«Իրավունք ունեմ երթադրելու, որ այստեղ կա շահախնդրություն, քանի որ մյուս թեկնածուին նույնպես ակնարկել էին, իսկ նա հրաժարվել էր: Ի վերջո հաղթեց փողը, ոչ թե դպրոցը, կրթությունը»,- ասաց ավագանու անդամը՝ նշելով, որ գյուղի ժողովուրդը ևս վրդովված է այս փաստով:
Նրա խոսքով՝ ոչ մի երկրում չկա նման բան, որ աշխատանքային պայմանգիրը դպրոցի ընտրված տնօրենը կնքում է մարզպետի հետ:
«2016 թվականի վերջում բերեցին մտցրեցին այս կետը, որ փոխվարչապետը պիտի վերջում որոշում կայացնի այս հարցում, ի՞նչ կապ ունի այստեղ փոխվարչապետը: Առանց նսեմացնելու եմ ասում՝ ի՞նչ կապ ունի այստեղ եկած ֆիզկուլտուրայի ուսուցիչը, այն դեպքում գյուղում ընդունում են լեզվի և գրականության ուսուցչին: Ես գիտեմ, որ գյուղում նեղսրտած են և անգամ մտադիր են երեխաներին ուրիշ դպրոց ուղարկել: Հետո էլ կգնան օպտիմալացման, կասեն դպրոցում երեխա չկա: Պարոն վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում, իսկ Արմավիրի մարզպետը ձեր որոշումների վրա խաչ քաշած ունի: Ես ուզում եմ Արմավիրի մարզպետի աթոռը դատարկ տեսնել»,- ամփոփեց Անահիտ Բախշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիի դպրոցների օպտիմալացման պատճառով շատ մանկավարժներ դժվար կացության մեջ են. «Իրատես»
- Գյուղական դպրոցները մեր երկրի ամրությունն են. ԿԳ նախարար
- Ձախողման օպտիմալացում` դպրոցներ