Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ից գործող հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսն արդեն ունեցել է 4000 այցելու: Այս մասին տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
Ծովանկարչի աշխատանքները դիտելու են գնում տարիքային տարբեր խմբի մարդիկ: Մեծ թիվ են կազմում նաև ընտանիքներով այցելությունները:
Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը:
Տեղեկացնենք, որ Ազգային պատկերասրահը փակ է միայն երկուշաբթի օրերին: «Արարում» ցուցահանդեսի տոմսի արժեքն է 1500 դրամ, ոչ մասնագիտական բուհերի ուսանողների համար՝ 750 դրամ, մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և սաների համար՝ 400 դրամ, դպրոցականների համար՝ 300 դրամ:
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
- Այվազովսկուն դրսում ճանաչում են հիմնականում որպես ծովանկարիչ, բայց նրա արվեստը բազմազան է. Անդրեաս Ռուբիյան
- Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
- Հովհաննես Այվազովսկու «Քաոս»-ն արդեն Ազգային պատկերասրահում է
- Ոչ միայն հայ, նաև արտասահմանցի մասնագետներն են նշում Այվազովսու հայկական ծագումը. ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը նկարչին նորովի է բացահայտելու
- «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին