ԱԻ նախարարությունը հորդորում է չթերագնահատել գազալցման շարժական կայանների սպառնալիքը
Վերջին շրջանում ԱԻ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) ընդունելու, պահեստավորելու և սպառողներին ավտոցիստեռններով ու կենցաղային բալոններով առաքելու, բալոնները նորոգելու ու վերազննելու համար նախատեսված գազալցման կայանների (ԳԼԿ) հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով:
«Հատկապես մտահոգիչ է և հրատապ տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված ՀԱԳ շարժական կայանների հետ կապված իրավիճակը. այն պարզ պատճառով, որ դրանք ունեն խիստ մեծ պոտենցիալ պայթյունահրդեհավտանգավորություն և դրանցում առաջացած հրդեհներն ու պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և' մարդկային, և' նյութական»,-հայտնում են նախարարությունից:
Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց և ՏԻՄ-երի ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին:
Միաժամանակ՝ տեսչությունը նպատակային հետազոտություններ է անցկացնում գազալցման կայաններում: Առավել վտանգավորների նկատմամբ իրականացվում են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պատասխանատու անձինք կենթարկվեն համապատասխան ներազդման միջոցների` օրենքի ողջ խստությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում