Խոսրովի անտառում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի. ԲՆ
Նախնական հաշվարկներով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԲՆ կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստի ժամանակ
Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայում արդեն հրդեհված տարածքներում ակնհայտ է բուսականության աճը, թեև, վերջնական պատկերացում կարելի է կազմել գարնանը: Միամյա խոտաբույսերի վիճակն արգելոցի բոլոր տեղամասերում կբացահայտվի աշնանային անձրևներից հետո, ինչպես նաև գարնանը՝ թափված կենսունակ սերմերի ծլելուց հետո: Բազմամյա և ծառաթփային բույսերի վերականգնումը ևս մեծ չափով կախված է ծլունակ սերմերի առկայությունից: Լայնատերև ծառատեսակների ամբողջությամբ այրված առանձնյակների վիճակը կբացահայտվի գարնանային վեգետացիայի ընթացքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում կկատարվի այրված տեղամասերից հավաքված պտուղների և սերմերի ցանքս, հրդեհից հետո դրանց ծլունակությունը ստուգելու նպատակով: Երկամյա և բազմամյա խոտաբույսերի մոտ նշված տեղամասերում արդեն սկսվել են վերականգնման պրոցեսներ: Դրանց մոտ նոր ընձյուղներ են դուրս եկել արմատամերձ վարդակներից, որոշ տեսակների մոտ հասնելով մինչև 20 սմ բարձրության: Ինչպես բազմիցս նշվել է, վերականգնման տեսանկյունից բարդությունը գիհու ծառատեսակն է ներկայացնում, որն ինքնին դժվար աճող տեսակ է: Բուսականության վերականգնման վերջնական վիճակը կբացահայտվի լրացուցիչ մոնիտորինգից հետո՝ աշնանը (անձրևներից հետո՝ հիմնականում խոտաբույսերինը) և գարնանը (հիմնականում՝ ծառերինը և թփերինը): Արամ Աղասյանը հատկանշական է համարել, որ կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների կորուստներ չեն եղել, հրդեհն ընդգրկած տարածքում կրակից զերծ մնացած կղզյակներում անգամ միջատներն ու սողունները կարողացել են պատսպարվել: Դիտարկումները ցույց են տալիս, որ հրդեհված տարածքներում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի: Տերևակալումներ են նկատվել նաև հրդեհից վնասված լայնատերև ծառերի մի մասի մոտ:
ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը նշել է, որ հրդեհի հետևանքով կարմիգրքային բուսերի տեսակի ոչնչացման խնդիր չկա: Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Արսեն Գասպարյանն անդրադարձել է նաև WWF-ի կողմից տրամադրված աջակցությանը՝ 15 հատ հրդեհմարման սարքեր և այլ տեխնիկա, 2 հատ 7 տոննա ծավալով ավազան և այլն:
Հարակից հրապարակումներ`
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Վարք նախարարությունների – 1
- Հայաստանը ոչ տեխնիկապես, ոչ հոգեպես պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին. Բնապահպան
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է. Միլզ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով և Wi-Fi-ով
- Բնապահպան. Սա էկոլոգիական աղետի առաջին փուլն է
- Բնապահպան. Խնդիրն ավելի լուրջ է, քան թվում է