Թավջութակահար Անաստասիա Ուշակովան ելույթ կունենա Երևանում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը hոկտեմբերի 10-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Նվագախմբից հայտնում են, որ որպես մենակատար հանդես կգա Պ. Ի. Չայկովսկու անվ. միջազգային երիտասարդական մրցույթի «թավջութակ» անվանակարգում առաջին մրցանակակիր, մի շարք միջազգայի մրցույթների դափնեկիր, թավջութակահար Անաստասիա Ուշակովան՝ Ռուսաստանից: Չնայած երիտասարդ տարիքին Անաստասիան արդեն բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Չեխիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն: Նա հանդիսանում է նաև Չայկովսկու անվան Միջազգային երիտասարդական փառատոնի /Մոսկվա-Կլին -2017/ նախաձեռնողը, կազմակերպիչը և մասնակիցը:
Համերգի ծրագրում ընդգրկված են Պագանինիի «Վարիացիաներ Մովսեսը Եգիպտոսում թեմայով», Չայկովսկու «Նոկտյուրն թիվ. 4» և Բոկերինիի Թավջութակի կոնցերտը:
Նվագախմբից նաև հայտնում են, որ Վահան Մարտիրոսյան մեծ հաջողությամբ սեպտեմբերին ղեկավարել է Ճապոնիայի ամենահեղինակավոր երկու նվագախմբերը՝ Ճապոնիայի ամենահեղինակավոր դահլիճներում: