Մեկ օր սահմանամերձ Չորաթանում
Տավուշի մարզի Չորաթան գյուղը Երևանից շուրջ 223 կմ հեռավորության վրա է, իսկ հայ-ադրբեջանական սահմանից` 6 կմ: Չորաթանը հիմնվել է 1750 թվականին՝ Արցախից այստեղ տեղափոխված 12 ընտանիքի շնորհիվ: Գյուղում այսօր 280 ընտանիք է ապրում, 1040 բնակիչ, այստեղ հիմնականում զբաղվում են խաղողագործությամբ ու անասնապահությամբ:
Չորաթանը հարուստ կենսագրություն ունի, ճիշտ է հիմնականում զարգացած է եղել գյուղատնտեսությունը՝ ինչպես սովորաբար լինում է գյուղերում, բայց ընդհանրապես եղել է Շամշադինի ծաղկուն համայնքներից մեկը: Շատերի ներդրումը կա գյուղի բարգավաճման գործում, հատկապես կցանկանայի նշել Իշխան Քալանթարյանին, որը, Հայրենական մեծ պատերազմից վերադառնալով գյուղ՝ իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց Չորաթանին՝ մեծ ներդրում ունենալով նրա զարգացմանը:
Գյուղը, ժամանակ առ ժամանակ հակառակորդի նշանառության տակ է լինում, ինչը հաճախ խանգարում է չորաթանցիներին մշակել հողը: Ադրբեջանցիներն առավել ակտիվանում են բերքահավաքի ժամանակ: Այդ իսկ պատճառով գյուղացիների հողերը երբեմն մնում են անմշակ, և ինչպես շատ գյուղերում, Չորաթանում ևս աշխատատեղերի բացակայության ու սոցիալական այլ խնդիրների պատճառով բնակիչները հաճախ բռնում են արտագաղթի ուղին:
Այդուհանդերձ, վերջին երկու տարիներին գյուղում սոցիալական խնդիրները որոշ չափով լուծվել են: Դրան նպաստել է «Տավուշ տեքստիլ» գործարանի բացումը, որը աշխատանքով է ապահովում ոչ միայն չորաթանցիներին, այլև հարակից գյուղի բնակիչներին:
«Տավուշ տեքստիլ» ընկերությունը հիմնադրել է ռուսաստանաբնակ գործարար, ծնունդով Արծվաբերդ գյուղից Սուրեն Երիցյանը: Գործարարը, Չորաթանից բացի, գործարաններ է հիմնել նաև Արծվաբերդ, Մովսես գյուղերում, շուտով ձեռնոցի գործարան կբացվի նաև Բերդ քաղաքում:
Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն ասում է, որ գործարանի բացումից հետո գյուղում կյանքը զգալիորեն բարելավվել է, արտագաղթը կանգ է առել, ավելին՝ գյուղ է վերադարձել 6 ընտանիք՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բյուրեղավանից: Ըստ նրա՝ Չորաթան աշխատելու են գալիս նաև Երևանից ու Գյումրիից:
«Գյուղում ամենակարևորը աշխատատեղն է, եթե մարդն աշխատում է, ուրեմն խնդիր չունի»,- կարծում է Վ.Բաղմանյանը:
Գյուղապետը ցույց է տալիս հակառակորդի դիրքերն ու ասում, որ գործարարը ռիսկային ներդրում է արել. հենց կրակի տակ գործարան է կառուցել, որ մարդիկ աշխատեն, գյուղը չլքեն:
Բացի գործարանից, չորաթանցիներն աշխատում են գյուղապետարանում, դպրոցում, մանկապարտեզում, շուտով 25 աշխատատեղ էլ կստեղծվի Չորաթանում բացվող փրկարար ծառայության կենտրոնում:
Գյուղը, սակայն դեռ դատարկվելու վտանգի առաջ է կանգնած։ Չորաթանի գյուղապետին ու բնակիչներին մտահոգում է համայնքների խոշորացման ծրագիրը, որով գյուղը միավորվելու է 17 գյուղերի հետ: Նոյեմբերի 5-ին կանցկացվի համայնքապետի ընտրություն, խոշորացված համայնքի կենտրոն կդառնա Բերդը:
Գյուղապետը կարծում է, որ խոշորացումից հետո մի քանի ընտանիք գյուղից կգնան:
«Չեմ կարող բացատրել ինչի, բայց գիտեմ, որ լավ չի լինելու: Գյուղացիները բոլորն էլ դեմ են խոշորացմանը, չկա մի մարդ որ դեմ չլինի: Իսկ եթե գյուղացին դեմ ա, ուրեմն մի բան գիտի»,- ասում է Վարուժան Բաղմանյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունից որևէ մեկը չի եկել գյուղ, որ գյուղացիներին բացատրի՝ խոշորացումն ի՞նչ է տալու գյուղին. «Դեմ եմ, գիտեմ, որ լավ չի լինելու»:
Չորաթանում այսօր ամենակարևոր խնդիրը ջրի հարցն է: Գյուղապետը վստահեցնում է, որ առաջիկա 10-15 օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի, բայց ոչ թե պետության, այլև գործարար Սուրեն Երիցյանի միջոցով:
Նշենք, որ Նորաշենից մինչև Չորաթան ընկած ճանապարհն անմխիթար վիճակում է, գյուղամիջյան ճանապարհի մասին էլ չենք խոսում: «Թող էս խոշորացումը հանեն, մնացածը լուծվող հարցեր են»,- ասում է համայնքի ղեկավարը:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի:
Հարակից հրապարակումներ`
- «Հեշտ չի ապրելը, բայց արդեն սովոր ենք». Կրակոցների տակ ապրող բաղանիսցի Էրժիկ տատ
- Մեզ համար կրակոցը նշանակություն չունի, միայն թե աշխատանք լինի. Վազաշենի գյուղապետ
- Պատառիկներ պապիս հուշերից