Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Արցախի Հանրապետության Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև այսօր ստորագրվել է Բարեկամության հռչակագիր։ Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչության հաղորդմամբ, ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ճարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում։
Ճարտար քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետ Արթուր Աղաբեկյանը, իսկ Դեսին-Շարպիո քաղաքի անունից՝ քաղաքապետ Լորանս Ֆոտրան։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը։
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ ողջունելով ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու և զարգացնելու Արցախի բնակչության հետևողական քայլերը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու համայնքների միջև։ Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։
Այսպիսով, Դեսին-Շարպիոն դարձել է 8-րդը ֆրանսիական համայնքներից, որոնք բարեկամական հարաբերություններ են հաստատել Արցախի Հանրապետության քաղաքների հետ։
Ընդհանուր առմամբ, Արցախի քաղաքների և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բասկերի Երկրի և Բրազիլիայի քաղաքների միջև ստորագրվել են 15 համագործակցության համաձայնագրեր, և մեկ համաձայնագիր` Արցախի և Ֆրանսիայի Դրոմի շրջանի միջև։