Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
Որքան էլ Իրանը կառավարելի դաշտում է պահում քրդական խնդիրը՝ բնական է, որ Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեն մտահոգում է պաշտոնական Թեհրանին։ Սա է պատճառը, որ բազում տարաձայնություններ ունեցող Իրանը և Թուրքիան քրդական ինքնավարությունում անցկացվող հանրաքվեի հարցում բավական մոտ դիրքորոշում ունեն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը տարբերվում է Անկարայի դիրքորոշումից, Անկարան ավելի կտրուկ է արտահայտվում այս հարցի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին հանրաքվեի հարցով խորհրդակցություններ է ունեցել ինչպես Թուրքիայի և ՌԴ-ի նախագահի, այնպես էլ Իրաքի վարչապետի հետ։
Բոլոր այս քննարկումներում նա դեմ է արտահայտվել հանրաքվեին՝ ընդգծելով տարածաշրջանում սահմանների անխախտելիության հանգամանքը։ Իրանը, երկրի ներսում ունենալով անջատողականության սպառնալիք, բնական է, որ պետք է դեմ արտահայտվի սահմանների շուրջ բոլոր գործընթացներին, որոնք կարող են նոր պետություն առաջացնել»,- նշեց իրանագետը։
Արմեն Իսրայելյանի խոսքով, Իրանում քրդերի իրավունքները անհամեմատ բարձր մակարդակի վրա են, ոչ այնպես, ինչպես Թուրքիայում։
«Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, չեն կարող ի հայտ գալ Իրանում։ Որոշ փորձագիտական շրջնակների կարծիքով, շատ դեպքերում դա պայմանավորված է քրդերի՝ իրանալեզու ժողովուրդ լինելու հանգամանքով և նրանով, որ Քրդստանը պատմականորեն Իրանի մաս է կազմել»,- նշեց իրանագետը։
Արմեն Իսրայելյանը համոզմուքն հայտնեց, որ Իրանն առաջիկայում կփորձի հարաբերությունները չսրել ոչ պաշտոնական Բաղդադի, ոչ էլ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ՝ գիտակցելով, որ հանարքվեից հետո տարածաշրջանում լուրջ զքարգացումներ են տեղի ուեննալու։
Հարակից հրապարակումներ`
- Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն