«Հովեր» պետական կամերային երգչախմբի 25-ամյակը նշվելու է տոնական համերգով
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված համերգ:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգին մասնակցում են` «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ տարբեր կազմերով, հրավիրյալ նվագախմբային կազմ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախմբի մենակատարները, «Վահագն Հայրապետյան» տրիոն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ՝ Լիպարիտ Ավետիսյանը, երգչախմբի նախկին մեներգչուհի Գայանե Մովսիսյանը (Ստրասբուրգ), Հենրիետտա Հարությունովան:
Համերգի ընթացքում կհնչի պրեմիերա՝ Ջորջ Լիգետիի «Ժամացույցներ և ամպեր» ստեղծագործությունը, ինչպես նաև հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Դեյվիդ Լենգ «Պարզապես», Քշիշտոֆ Պենդերեցկի «Սաղմոս 3», «Սուրբ, Սուրբ», Արթուր Ավանեսով «Երգում էր աղջիկը...», Վոլֆրամ Բուխենբերգ «Երբ դու աստծո հետ ես՝ խաղաղության մեջ ես...», Կոմիտաս «Քելեր-Ցոլեր», Վաչե Շարաֆյան Երեք հատված «Պեպո» ներկայացման երաժշտությունից, Վահագն Հայրապետյան «Հազարներից քեզ եմ սիրել», Սթիվի Ուանդեր «Մի անհանգստացիր...», «Բիթլզ» «Քանի որ»:
Համերգը կուղեկցվի տեսանյութերով:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992 թվականին: 2009 թ. պետական կարգավիճակ է ստացել և գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Սոնա Հովհաննիսյան: «Հովերի» երկացանկի հոգևոր ու բովանդակային առանցքը կազմում են Կոմիտասի ստեղծագործությունները: Երգչախումբը հայտնի է նաև իր՝ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մատուցման յուրօրինակ, երբեմն հեղափոխական լուծումներով: