Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արդեն հաջողությամբ իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների չորս փոխպատվաստում
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիարկությունն արդեն Հայաստանում է Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երկու երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ այցելել են ՀՀ ԱՆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Առողջապահության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, այստեղ նրանց հակիրճ ներկայացվել են 1933թ.-ին հիմնադրված, 2016թ-ին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրով արդիականացված, նոր բաժանմունքներով և բարձր տեխնոլոգիաներով հագեցված կենտրոնում իրականացվող աշխատանքները: Այստեղ արդեն հաջողությամբ իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների չորս փոխպատվաստում։ Նշվել է, որ կենտրոնին մեծ աջակցություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը։
Նախարարները շրջել են կենտրոնում, եղել բաժանմունքներում, ծանոթացել տեխնիկական և լաբորատոր հագեցվածությանը։ Նրանք այցեցել են նաև վերջին երկու փոխպատվաստված հիվանդներին, հետաքրքրվել բուժման ընթացքով։ Նախարարներին տեղեկացվել է, որ հիվանդների մոտ բարդություններ չկան, ինքնազգացողությունը բավարար է։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Ռուսաստանի առողջապահության նախարարը Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովում քննարկվող հարցերից շեշտադրել է ծխախոտի դեմ պայքարը և այդ ուղղությամբ երկու երկրի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը համատեղ մեխանիզմներ մշակելու գործում:
Անդրադառնալով արյունաբանության ոլորտում համագործակցությանը` նախարար Ալթունյանը նշել է, որ այն նույն տարիքին է, ինչ արյունաբանական կենտրոնը. «Հիմնադրման օրվանից հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Արյունաբանական կենտրոնը ակտիվորեն համագործակցում է ռուսական ութ կենտրոնի հետ»:
Նախարարը շեշտել է, որ այցի շրջանակում այս ուղղությամբ կլինեն քննարկումներ։
Բուժաշխատողների հետ զրույցի ժամանակ Վերոնիկա Սկվորցովան նրանց առաջարկել է, ի թիվս այլ երկրների, վերապատրաստումները շարունակել Ռուսաստանի առաջատար կլինիկաներում։